Ինստիտուցիոնալ դիսոնանս է․ վտանգավոր կլինի, եթե Սահմանադրության այդ դրույթը փոխվի․ իրավագետը՝ Գալստանյանի վարչապետի հնարավոր թեկնածու լինելու մասին
Երեկ լրագրողների հետ զրուցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, խոսելով վարչապետի իրենց ամենաընդունելի թեկնածուի մասին, ասել է. «Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ Սրբազանն է, իսկ Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել»: 

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է սահմանադրագետ Արտաշես Խալաթյանի հետ։

Ընդհանուր առմամբ այդ դրույթը Սահմանադրության այն դրույթների շարքին է պատկանում, որը կարող է փոխվել ԱԺ-ի կողմից, բայց երբեք չպետք է մոռանալ, որ ԱԺ-ի կողմից այդ դրույթը փոխելու համար հարկավոր է որակյալ մեծամասնություն, որպիսին ընդդիմությունը չի տիրապետում, հետևաբար թեև տեսականում դա հնարավոր է, բայց գործնականում, ուժերի հարաբերակցությունն ԱԺ-ում հաշվի առնելով, պրակտիկորեն անհնար է: Բայց այստեղ կա մեկ շատ կարևոր հանգամանք, որը նույնպես պետք է հաշվի առնել. դա ընդհանուր առմամբ սահմանադրական մարմինների ձևավորման, համակարգային ներդաշնակությունն է։ Ի վերջո սահմանադիրը պետական իշխանության մարմիններում անձանց ընտրվելը կամ նշանակելը պայմանավորել է մի շարք պահանջներով, որոնցից մեկը միայն ՀՀ քաղաքացի լինելն է»,-  ասաց Արտաշես Խալաթյանը։

Նա նշեց, որ խոսքը վերաբերում է ԱԺ պատգամավորներին, ինքնավար մարմիններին, օրինակ՝ գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին և այլն, այսինքն՝ իմաստն այն է, որ բարձր պետական պաշտոն զբաղեցնող անձը պետք է լոյալ լինի միայն մեկ պետության, և ըստ էության դրանով է պայմանավորված նաև պետական իշխանության մարմինների նկատմամբ ժողովրդի հարգանքն ու վստահությունը, որ տվյալ անձը չպետք է ունենա տվյալ պետության հանդեպ որևէ իրավական պարտավորություն, որը որ բխում է իր քաղաքացիությունից։
«Հետևաբար, եթե մենք թեկուզ տեսականորեն պատկերացնենք, որ վարչապետի պաշտոնը դառնում է հասանելի նաև երկքաղաքացիների համար, դա նախ ինստիտուցիոնալ դիսոնանս է առաջացնում, որովհետև մյուս բոլոր բարձր պետական պաշտոնյաների համար շարունակում է  մնալ միայն ՀՀ քաղաքացի լինելու սահմանադրական պահանջը։  Եվ երկրորդ՝ կխարխլվի այն նպատակը և իմաստը, որը սահմանադիրը դրել է այդ պահանջի հիմքում, այն է՝ ապահովել բարձր պետական պաշտոն զբաղեցնող անձանց քաղաքական լոյալությունը միայն ՀՀ-ին։ Հետևաբար ես կարծում եմ, որ իրականում շատ վտանգավոր կլինի, եթե մենք այդ դրույթում փոփոխություն կատարենք»,- հավելեց Արտաշես Խալաթյանը։  
 
Մանրամասները՝ տեսանյութում 
Լիլիթ Թադևոսյան