Civic.am-ի եթերում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ասաց, որ սահմանազատման շուրջ եղած խնդիրները ընդդիմության կողմից օգտագործվում են իշխանափոխության հասնելու համար։ Իսկ սահմանազատումը շատ կարևոր է իրականացնել, ու Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը ձեռքբերում էր։ Պետք է գործընթացը հասցնել տրամաբանական ավարտին։
Թորոսյանը նշեց, որ 2020-ից հետո պարբերաբար եղել են բողոքի ակցիաներ և իշխանափոխության պահանջ. անգամ դերակատարները չեն փոխվել։ Նա հիշեցրեց, որ Բագրատ Գալստանյանն էլ նոր դեմք չէ։ Նա 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավին մասնակցել է, հարթակից ելույթ է ունեցել։
Առկա խնդիրները՝ կապված մարդկանց սեփականության հետ, պետք է և կլուծվեն պետության կողմից։ «Սահմանազատման գործընթացն ընդամենը պատրվակ է հերթական անգամ առանց ընտրությունների իշխանափոխություն անելու։ Իրենք չեն ուզում ընտրություններով իշխանություն վերցնել, որովհետև չեն կարող, որովհետև ասելիք չունեն ժողովրդին՝ բացի մի քանի պիտակներից, որ մեզ վրա կպցնում են, իսկ դա բավարար չէ ընտրությունները հաղթելու համար։ Ուզում են առանց ընտրությունների տիրանալ իշխանությանը»,- ասաց Թորոսյանը։
Պատգամավորը, անդրադառնալով ընդդիմության թեզերին, նկատեց, որ, ըստ էության, նրանք դեմ են ՀՀ տարածքային ամբողջականությանը։ «Եկեղեցին իշխանություն է ուզում։ Եկեղեցին միշտ է իշխանություն ուզել, նույնիսկ՝ ի հաշիվ պետության ու պետականության։ Ինչի առաջին անգա՞մ է, որ եկեղեցին դեմ է դուրս եկել պետությանն ու պետականությանը։ Իրենք ուզում են իշխանություն, իրենք ուզում են իրենց հողերի ու գույքերի վերադարձ։ Վերջերս մտածում էի՝ իսկ կարո՞ղ է, օրինակ, եկեղեցին էլ պետք է հեթանոսական համայնքին հետ տա իրենց գույքերը, որ եկեղեցին 301 թվից առաջ առգրավել է։ Այդպես կարող ենք ինչքան հնարավոր է հետ գնալ։ Ինչո՞ւ պետք է սահմանափակվենք 301 թվականով։ Մարդիկ իշխանություն են ուզում։ Բոլոր այն իշխանությունները, որոնք եկեղեցուն ասել են՝ դու պետք է մնաս քո հոգևորի շրջանակներում, միշտ պրոբլեմ են ունեցել եկեղեցու հետ։ Նրանք անսահման իշխանություն են ուզում։ Նրանք ուզում են իրենք լինեն որոշողը։ Եկեղեցին ուզում է լինել դատարանների դերում, զագսի դերում, դպրոցի դերում և այլն։ Միշտ է այդպես եղել, և բան չի փոխվել»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Մեղադրանքներին, թե իշխանությունը վարել է հակառուսական քաղաքականություն, և դրա համար է, որ Ռուսաստանը չի աջակցում Հայաստանին, Արսեն Թորոսյանն ասաց, որ իրենք հակառուսական քաղաքականություն չեն վարել, կատարել են դաշնակցային բոլոր պարտավորությունները, ապա՝ տեսնելով, որ ռազմավարական գործընկերը չի կատարում իր պարտավորությունները, փորձել են այլընտրանքներ գտնել և շարունակելու են խորացնել հարաբերությունները այլ ուղղություններով։ «Նրանք ուզում են՝ մենք շարունակենք ծառայել իրենց տերերին, բայց մենք իրենց տերերի հետ լավ հարաբերությունների մեջ ենք եղել և մեր պարտավորություններն ավելի քան գերազանց կատարել ենք, բայց հակառակ արձագանք ենք ստացել, երբ մենք ենք աջակցության կարիք ունեցել»։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան