Իրանի նախագահի և ԱԳ նախարարի զոհվելու դեպքը վակուում կառաջացնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարումներում
ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռաիսիի և նրա ուղեկիցների ուղղաթիռը Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Արասբարանի շրջանի Վարզղան վարչական շրջանում եղանակի անբարենպաստ պայմանների ու անսարքության հետևանքով վթարի է ենթարկվել, որի հետևանքով  զոհվել են նախագահը, Իրանի ԱԳ նախարարը, Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետը, Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետը, նախագահի թիկնազորի պետը և երկու օդաչուները։ Թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է իրանագետ Սահակ Շահմուրադյանի հետ։ 
 
- Պարոն Շահմուրադյան, ի՞նչ կասեք Իրանի նախագահի զոհվելու և ուղղաթիռի կործանման մասին: Որո՞նք են եղել պատճառները, ի՞նչ վարկածներ կան: Որքանո՞վ կարող է սրա հետ կապ ունենալ Իսրայելը, քանի որ գիտենք, որ Ադրբեջանի տարածքում Իսրայելը ռազմական ներկայություն ունի: 
- Իրանի պետական և պաշտոնական մարմինների հայտարարությունների համաձայն՝ ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռաիսիի և նրա ուղեկիցների ուղղաթիռը Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Արասբարանի շրջանի Վարզղան վարչական տարածքում եղանակի անբարենպաստ պայմանների ու անսարքության հետևանքով վթարի է ենթարկվել, որի հետևանքով, ցավոք, զոհվել են նախագահը, Իրանի ԱԳ նախարարը, Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետը, Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետը, նախագահի թիկնազորի պետը և երկու օդաչուներ։ Ներկայումս ոչ մի վարկած կամ տվյալ չկա Իսրայելի մատը խառը լինելու մեջ, քանի որ ոչ մի լուրջ պատճառ էլ չկա Իսրայելի՝ նման քայլի դիմելու համար, ինչը կարող է սրանից ավելի լարել իրավիճակը տարածաշրջանում։ Իսրայելը ներկայումս բավականաչափ լուրջ մարտահրավերի է դիմակայում Գազայի հատվածում դաժան պատերազմ հրահրելու համար, և արդեն մի քանի շաբաթ չի անցել Իրանի կողմից հրթիռային հակահարված ստանալու դեպքերից, ուստի նման պայթյունավտանգ պայմաններում հազիվ թե Իսրայելը փորձեր նոր արկածախնդրության գնալ Իրանի հետ։  Իսկ ինչ վերաբերում է դեպքի պատճառներին, Իրանի պետական պաշտոնյաները հայտարարել են, որ այդ ուղղությամբ արդեն սկսել են հետաքննությունները, և արդյունքները ավելի ուշ կհրապարակվեն։  
- Ձեր կարծիքով՝ այս դեպքից հետո ի՞նչ փոփոխություններ կարող են լինել Իրանի ներքաղաքական կյանքում, և ըստ Ձեզ՝ ո՞վ է լինելու Իրանի հաջորդ նախագահը:
- Իրանի իսլամական 45-ամյա պատմության ընթացքում նման դեպքեր շատ են պատահել, և նույնիսկ պատահել է, որ կառավարության ամբողջ աշխատակազմը թշնամիների  ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել։ Սակայն Իրանի պետական համակարգը ունի ամուր հիմքեր և մեծ փորձ, ինչպես նաև կարողություն և հնարավորություն՝ նման մարտահրավերներն առանց ներքին ցնցման և սահուն կերպով դիմագրավելու համար։ Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին երեկ իր ելույթում հայտարարեց, որ մտահոգվելու ոչ մի պատճառ չկա, և երկրի իշխանություններն ու կառավարության կազմը կշարունակեն երկիրը ղեկավարել բնականոն հունով։  

Իրանի օրենքների համաձայն՝ ԻԻՀ նախագահի պարտականությունները ստանձնում է առաջին փոխնախագահը, իսկ օրենսդիր և դատական մարմինների ղեկավարներից և նախագահի առաջին տեղակալից կազմված խորհուրդը պետք է կազմակերպի նոր նախագահի ընտրությունը առավելագույնը 50 օրվա ընթացքում։  Դեռ վաղ է կարծիք հայտնել, թե ով է լինելու Իրանի հաջորդ նախագահը, իսկ Իրանի պետական փորձը ցույց է տալիս,  որ նորմալ պայմաններում կանցկացվի նոր նախագահի ընտրության գործընթացը, և առաջադրված թեկնածուներից մեկը կընտրվի երկրի նախագահ։ 
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և նրա ուղեկիցների զոհվելու լուրը հայտնելուց հետո Իրանի կառավարությունն անմիջապես հրավիրել է արտահերթ նիստ։  Հայտարարության մեջ կառավարության աշխատակազմը շեշտել է երկրի զոհված նախագահի ուղու շարունակությունը։ Սա ցույց է տալիս, որ քաոսային իրավիճակ չի տիրում երկրում, և ամեն ինչ ընթանում է ըստ կարգի և երկրի օրենքներին համապատասխան։ 

- Այս ամենը ի՞նչ փոփոխություններ կարող է բերել տարածաշրջանում: Որքանո՞վ կարող է իրավիճակը սրվել։

- Մեր տարածաշրջանը բավական բարդ իրավիճակում է գտնվում, և ցանկացած դեպք այսպես թե այնպես իր ազդեցությունն է թողնում տարածաշրջանի քաղաքական և ռազմական իրադրության վրա՝ նայած թե յուրաքանչյուր դեպք կամ զարգացում ինչպիսի հետք է թողնում տարածաշրջանի հետագա գործընթացների վրա և որքանով է դրա ազդեցությունը խորացնում լարվածությունները կամ մեղմացնում առկա իրավիճակը։ Իրանի նախագահի դառնաղետ զոհվելու դեպքը թերևս կարճաժամկետ ազդեցություն կարող է թողնել Իրանի պետական համակարգի և իրանական հասարակության վրա, իսկ արտաքին ճակատում, արտաքին հարաբերություններում էական հետք չի կարող թողնել, սակայն Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանի զոհվելը և նրա բացակայությունը անկասկած երկարաժամկետ վակուում կառաջացնեն Մերձավոր Արևելքի և Կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարումներում։ Գիտեք, որ Ամիր Աբդոլլահիանը բավականին մեծ ազդեցություն ուներ տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման և ուժերի բալանսավորման գործընթացներում և մի քանի անգամ այցելելով Հայաստան՝ կարողացել էր դրական և կառուցողական կապեր ու հարաբերություններ ստեղծել Հայաստանի իշխանությունների հետ և դրական տեղաշարժ արձանագրել Իրան-Հայաստան հարաբերություններում։   

- Հայաստանը այս պարագայում անելիքներ ունի՞, թե՞ ոչ: Ի՞նչ իրադարձությունների կամ մարտահրավերների պետք է պատրաստվել:

- Անկասկած, Հայաստանը շատ մեծ անելիքներ ունի այս պարագայում։ Նախ Հայաստանը պետք է իր զորակցությունը և աջակցությունը  հայտնի բարեկամ և հարևան երկիր Իրանի Իսլամական Հանրապետության պետական համակարգին ու իրանական սգավոր ժողովրդին և կանգնի Իրանի ժողովրդի կողքին այս դժվարին պայմաններում, ապա փորձի միջպետական հարաբերություններում կապերը խորացնել նախագահի տեղակալի և ԱԳ փոխնախարարի հետ, միևնույն ժամանակ փորձի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները շարունակել միջազգային օրենքների համաձայն և զերծ մնալ Իսրայելի ու Ադրբեջանի հավանական սադրիչ գործողությունների ծուղակն ընկնելուց։   Հայաստանը պետք է շարունակի իր համագործակցությունն Իրանի հետ և  ներքին կայունությունը պահպանելով՝ չեզոքացնի Հայաստանի կեղծ ընդդիմության դավադիր շարժումները, քանի որ Հայաստանի ներքին կայունությունը նաև նպաստում է հարևանների, հատկապես Իրանի հետ իր հավասարակշիռ և կառուցողական հարաբերությունների պահպանմանը։ Համենայն դեպս Հայաստանի կառավարությունը և լրատվական դաշտը պետք է զերծ մնան դեպքի հետ կապված անստույգ տեղեկատվության կամ դավադրական տեսության մեկնաբանություններից և հետևեն իրանական պաշտոնական լրատվության ու Իրանի իշխանությունների հայտարարություններին՝ այսպես օգնելով բարեկամ և հարևան երկիր Իրանի ներքին քաղաքական դաշտի կայունության պահպանմանը և չեզոքացնելով Իրանի թշնամի երկրի ապատեղեկատվությունը, որոնք անկասկած ցանկանում են պղտոր ջրից ձուկ որսալ և խառնել Իրանի ներքին կայունությունը։ 
 
Դավիթ Լևոնյան