Երկրի ընթացքը շրջելու վերջին ճիգերն են. բնական հունով շարժումը կմարի․ Խզմալյան
«Սա յուրահատուկ դեժավյու է, հենց այս տոնով, այս բառամթերքով խոսում էին մեզ հետ, երբ նրանք իշխանություն էին։ Հասկացա, որ եթերով չեմ կարող ասել այն ամենը, ինչ ասում էին մեր հասցեին, և ինչ արվում էր մեր հասցեին։ Ի վերջո, սա Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի բառամթերքն է, որովհետև բառամթերքը, բառապաշարը, այդ խոսքերի ընտրությունը լեզվամտածողություն է։ Իսկ եթե իրենց մտածողությունն այսպիսին է, եթե անհանդուրժողականությունը նրանց գլխավոր կարգախոսն է և հիմքը այդ ամբողջ կառույցի, ապա դա պարզապես ցույց է տալիս, թե ինչ է սպասվում մեզ, եթե նրանք գան իշխանության»,- Civic.am-ի հետ զրույցում խոսելով Բագրատ Գալստանյանի և «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների խոսույթի մասին՝ ասաց «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը։

Նա նշեց, որ եթե նրանք վերադառնան իշխանության, ապա կվերադառնանք հենց այդ բռնի ուժի օրենքին, Մարտի 1-ին, կվերադառնանք Հոկտեմբերի 27-ին, կվերադառնանք տեռորի, «չեռնոռուսիայի» կարգավիճակին, որովհետև դա այն է, ինչ հիմա շատ ավելի մեծ մասշտաբներով կատարվում է Ռուսաստանում։

«Եթե նրանք ձգտում են վերադարձնել Հայաստանը ռուսական լծի տակ, պարզ է, որ դա վերադառնալու է հենց այդպես։ Եվ սա միայն խոսքեր չեն, այդ խոսքերի հետևում կան գործեր, որոնք մենք պետք է թույլ չտանք իրականացնել»,- ասաց Տիգրան Խզմալյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան