Անհանգստացնող մի բան կա, այն է՝ ընդդիմադիր շրջանակները առավոտից երեկո մանիպուլացնում են հանրությանը, առաջարկներ են անում, որոնց վերջնակետը պետության չգոյությունն է։ Civic.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ մարդկանց առաջարկը բյուրեղանում է, բյուրեղանում են նաև շարժման շարքերը՝ Քոչարյանի կլան, Սերժ Սարգսյանի կլան, եկեղեցական որոշ շրջանակների կլան, ծայրահեղական մոտեցումներով հայտնի Բևեռի ներկայություն, քրեական գործերով անցնող տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդկանց ներկայություն, ու այս ամենը՝ եկեղեցու հովանու ներքո։
Պատգամավորը հռետորական հարց է բարձրացնում՝ 10 պատվիրաններն ո՞ւր մնացին, եկեղեցու պատարագները ինչի՞ մասին են։ Շարժման մոտիվացիան ոչ միայն դրսից հրամանն է՝ ՀՀ-ն զրկել ինքնիշխանությունից, այլև ապօրինի գույքի բռնագանձումից խուսափելը. «Այս մարդիկ իրենց ունեցվածքը կորցնելու վախ ունեն։ Ակնկալիքն է, որ բովանդակություն լսենք այս մարդկանցից։ Ոչինչ չի փոխվել. Սարգսյանի, Քոչարյանի շոշափուկներն են՝ վեղարով»։
Պատգամավորը հույս հայտնեց, որ շարժումը կպահպանի խաղաղ հավաքներ անցկացնելու կարգը։