Բագրատ Գալստանյանը մայիսի 26-ին հրավիրել է հանրահավաք, իսկ ընդդիմադիր տարբեր գործիչներ հայտարարում են, որ այդ օրը կհայտարարեն վարչապետի իրենց թեկնածուի անունը:
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի հետ։
Նա նշեց, որ դժվար է ենթադրել, թե ով կլինի նրանց թեկնածուն, քանի որ տարբեր անուններ են շրջանառության մեջ դրվել, բայց թերևս ամենահավանականը հենց Բագրատ Գալստանյանն է, ով իրականում արդեն քաղաքական գործիչ Վազգեն Գալստանյան է. մեր զրուցակիցը կարծում է, որ նրան պետք է այդպես դիմել, քանի որ նա քաղաքական հայտ է ներկայացրել։
«Այո, մենք լսել ենք, որ նա ամսի 26-ին իրենց վերջին կամ միգուցե ոչ վերջին, բայց, իրենց բնութագրմամբ, հերթական հուժկու հանրահավաքը պետք է լինի։ Կարծում եմ՝ դրանք պարզապես մետաստազներ են, որ մենք տեսնում ենք. Տավուշից գալով Երևան, հետո նորից հետ՝ Տավուշ, հիմա նորից եկել են Երևան: Դեգերումների մեջ են, ուզում են հասկանալ՝ ինչ պետք է անեն, և փորձում են նաև իրենց երեսը փրկել: Շատ ծիծաղաշարժ է, որ քաղաքական գործիչ Վազգեն Գալստանյանը իր հանդիպումների շարքի ընթացքում չի հանդիպել որևէ կուսակցության առաջնորդի կամ քաղաքական գործչի հետ, ով կապված չէ նախկին իշխանության, նախկին ռեժիմների հետ»,-ասաց Առնոլդ Բլեյանը։
Խոսելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի այն հայտարարության մասին, որ շատ բան կախված է շարժման ընթացքից, և իմպիչմենթի գործընթացն իրենց օրակարգում է, Առնոլդ Բլեյանն ասաց, որ Սեյրան Օհանյանը բնավ չէր կարող հայտարարել, որ իրենք տապալվել են։
«Ես կարծում եմ, որ ամենամեծ հաշվարկային սխալը, որ իրենք արեցին, դա այս կամ այն կերպ, ուղղակի թե անուղղակի այս շարժման հետ առնչվելն է»,- հավելեց Առնոլդ Բլեյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան