Վազգեն Գալստանյանի՝ մայիսի 26-ին հրավիրած հանրահավաքի, ընդդիմության վարչապետի թեկնածուի և ներքաղաքական զարգացումների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։
«Չգիտեմ՝ իրենց վարչապետի թեկնածուն ով կլինի, բայց այդ նույն տրամաբանությամբ ես կարող եմ վարչապետի թեկնածու առաջադրել, օրինակ, մեր հարևան Վաչագանին։ Մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր, անգամ մի քանի տասնյակ հազար քաղաքացիներով հավաքվելը և փողոցի ճնշման տակ ինչ-որ վարչապետի թեկնածու առաջ քաշելն անընդունելի է։ Քաղաքագետի խոսքով՝ 2018 թվականին մենք ունեցել ենք նման իրավիճակ, բայց հիմա մենք բոլորովին այլ իրավիճակի հետ գործ ունենք։ Նախ սա շարժում կոչելն ինքնին մեղք է։ Սա շարժում չէ, սա ամեն ինչ կարելի է կոչել՝ բացի շարժումից։ Շարժումը համաժողովրդական բնույթ պետք է կրեր, իսկ սա առնվազն համաժողովրդական բնույթ չի կրում, մարդիկ չեն միանում այս ամենին»,- ասաց քաղաքագետը։
Նա նշեց, որ այս նախաձեռնությունը, եթե գնալով մարում է, կրելու է ավելի ռադիկալ բնույթ, սա ակնհայտ է, առնվազն սրա արտաքին դերակատարների գործողություններին ու հայտարարություններին եթե նայենք, ապա կտեսնենք, որ ռադիկալ բնույթ է կրելու բողոքի գործողությունը։ Քաղաքագետը ուժայիններին ուժ, կորով և տոկունություն մաղթեց, որպեսզի կարողանան ՀՀ-ում սահմանադրական կարգը պահել։
Խոսելով նաև օրեր առաջ իրավապահների կողմից իշխանությունը գրավելու փորձ, իշխանությունը զավթելու կոչ կատարած երիտասարդին հայտնաբերելու մասին՝ քաղաքագետն ասաց, որ այդպիսի կոչեր անընդհատ կարող են հնչել, այդպիսի խմբավորումներ անընդհատ կարող են հայտնվել, հատկապես, որ մի հարթակում են հայտնվել «հըզբոլլահական» նկրտումներ ունեցող ուժեր, մարդիկ, որոնք ժամանակին իբրև թե այդ «հըզբոլլահական» նկրտումների դեմ էին պայքարում իբրև իշխանություն, տարբեր շերտեր, խմբեր, կերակրատաշտից և լափամանից զրկված նախկին իշխանության ներկայացուցիչներ, որոնց համար իշխանությունը եղել է լափաման և կերակրատաշտ, և հիմա այս մարդիկ ու իրենց սպասարկող ուժերը դիսկոմֆորտի մեջ են ապրում, դրա համար փորձերն անընդհատ լինելու են։
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների կողմից սահմանագծման և սահմանազատման գործընթացը խոչընդոտելու փորձերին, Հարություն Մկրտչյանն ասաց. «Էդ մի քանի անգամ Եվլախ գնացած, Եվլախը հավերժ իրենց ճակատին դաջածները զարտուղի ճանապարհներով եկել են ՀՀ ու ինչ-որ բան են ուզում, հա՞, պետության մեջ պետությո՞ւն են ուզում, ԼՂ են ուզո՞ւմ։ ԼՂ ուզելու տեղը ԼՂ-ում էր»,- հավելեց քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան