Այս մարմնաշարժումների շահառուն, ռեժիսորը, ճարտարապետը, ոգեշնչողը Մոսկվան է
Ռուսաստանի կողմից ուղղորդվող 5-րդ շարասյունը, որ ի սկզբանե ճգնաժամի մեջ էր, հիմա սկսում է ստանալ գրոտեսկային դրսևորումներ։ Այս մասին Сivic.am-ի եթերում, անդրադառնալով, այսպես կոչված, «սրբազան շարժմանը», ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։   

Ըստ նրա՝ Բագրատ Գալստանյանի գործունեությունը ապականում է քաղաքականությունն ու մեծ վնաս հասցնում Եկեղեցուն։ Կաթողիկոսն էլ, քանի դեռ Գալստանյանին կարգալույծ չի արել, կիսում է ողջ պատասխանատվությունը։

«Ինքը կա՛մ իր ենթակային կարգի է հրավիրում ու վերադարձնում Եկեղեցու գիրկը, կա՛մ նրան կարգալույծ է անում, կա՛մ կիսում պատասխանատվությունը», - ասաց Մեհրաբյանը։

Երեկվա՝ դեպի կառավարական առանձնատներ երթը Մեհրաբյանը բնորոշեց որպես սադրանքների փորձ, ինչը ընդդիմության մոտ չստացվեց իրավապահների պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում։
«Այս մարմնաշարժումների շահառուն, ռեժիսորը, ճարտարապետը, ոգեշնչողը Ռուսաստանն է, որովհետև այս օրակարգը կարող է ունենալ միայն մեկ շահառու»,- նշեց քաղաքագետը։

Ռուսաստանի համար, ըստ Մեհրաբյանի, դժվար է Հայաստանում գտնել այնպիսի մարդկանց, որոնք կկարողանան առաջ տանել իր շահերը և տրամաբանորեն բացատրել, թե ինչու են այդպես վարվում։ Իսկ սա նշանակում է, որ շարժման կազմակերպիչները շառլատաններ են, որոնք ապականել են քաղաքականությունը Հայաստանում, հիմա էլ ապականում են Եկեղեցին։
«Այս քաղաքական կառույցներն ու անձինք, որոնք ֆասադ են հանդիսացել, պետք է դուրս դրվեն քաղաքականությունից։ Կարևոր չէ, թե նրանք հիմա ինչ ֆասադով են հանդես գալիս՝ դա Վազգեն Մանուկյա՞նն է, թե՞ Վազգեն Գալստանյանը։ Նրանք միշտ ֆասադը փոխել են, բայց դա միշտ նույն խումբն է»,- ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ շարժման ծրագիրը գրվում է Հայաստանից դուրս, և այն, ինչ հիմա անում է շարժումն ու ուզում է, դեմ է Հայաստանի Հանրապետության շահերին։ «Դա պետությունը լիկվիդացնելու ճանապարհն է, որի վրա նրանք ուզում են մեզ կանգնեցնել։ Պատմությունից դեռ չթաղված մեռելները պետք է թաղվեն՝ պատմականորեն։ Հայաստանը պետություն է և պետք է շարժվի առաջ, ու այդ ճանապարհին չպետք է չթաղված մեռելներ թաղված լինեն»։
 
Մանրամասն՝ տեսանյութում
 
Վովա Հակոբյան