Իրենք օրինական ճանապարհով իշխանություն փոխելու ոչ մի հնարավորություն չունեն. Ղալումյան
«Իրավիճակը համեմատաբար հանդարտ է, ինչքան գիտեմ՝ բավականին մեծ թվով մարդիկ արդեն դիմել են փոխհատուցման համար, որոշները արդեն ստացել են։ Իհարկե, սահմանազատումը որոշ տեղեր ցավոտ է, բայց կարծում եմ՝ մարդիկ ըմբռնումով կմոտենան»,- ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով Կիրանց գյուղի բնակիչների հետ կապված խնդիրներին։
Անդրադառնալով Գալստանյանի շարժմանը՝ Ղալումյանը նշեց, որ շարժման նպատակը հիմա ոստիկանության հետ հրահրումներ իրականացնելն է. «Ակցիայի մասնակիցները մոռանում են, որ ոստիկանության աշխատողները ամենաթեժ պահին մասնակցել են 44-օրյա պատերազմին, բավականին երկար ժամանակ՝ Տավուշի մարզի ամենաբարդ հատվածի պաշտպանությանը, ու այդ մարդկանց հետ նման բառապաշար օգտագործելը անթույլատրելի եմ համարում»։
Ղալումյանը հավելեց. «Իրենք հիմա օրինական ճանապարհով իշխանության փոխելու ոչ մի հնարավորություն չունեն»։