Սա շարժում չէ, կարճ ժամանակ անց ոչինչ չի մնա այս գործողություններից
Մինչ կառավարությունը զբաղված է  Լոռիում ու Տավուշում աղետի հետևանքները վերացնելով, Բագրատ Գալստանյանը հրավիրած հանրահավաքը չչեղարկեց, ավելին՝ մայիսի 28-ին Սարդարապատում գիշերեց՝ փորձելով խոչընդոտել վարչապետի մուտքը հուշահամալիր, ինչն ըստ էության  ձախողվեց։ Այս թեմայի, ինչպես նաև ներքաղաքական այլ զարգացումների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։   

«Ակնհայտ է, որ տվյալ անձը, սկզբում հանդես գալով որպես հոգևոր աշխարհի ներկայացուցիչ, հետո կարծես թե ինչ-որ բան սառեցրեց և փորձում է հեռանալ հոգևոր ծառայությունից՝ հավանաբար ինչ-ինչ խնդիրներ չստեղծելով Մայր Աթոռի համար։ Տվյալ անձը փորձում է ներքին խնդիրների հաշվին ինչ-որ անձնական հարցեր լուծել։ Հավանաբար կան ինչ-որ պայմանավորվածություններ, մոտեցումներ, շահեր, գուցե գումար, գուցե գումարը չէ հարցը, այլ ինչ-որ անձնական շահեր են, բայց ընդհանուր առմամբ Հայաստանի խնդիրների հետ կապ չունեցող հարցեր է փորձում լուծել, և այստեղ էական չէ՝ աղետ եղել է, չի եղել, և էական էլ չէ՝ դա կլինի Երևանում, Սարդարապատում, թե մեկ այլ տեղ։ Խնդիրը աղմուկ բարձրացնելն է»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։ 

 Հարցին, թե հաշվի առնելով, որ Գալստանյանը հայտարարեց իր՝ որպես Տավուշի թեմի առաջնորդ գործունեության սառեցման մասին և իրեն հռչակեց որպես վարչապետի թեկնածու, կարո՞ղ ենք ասել, որ եկեղեցին այլևս քաղաքականացված է, քաղաքագետն ասաց, որ չի շտապի խոսել այն մասին, որ եկեղեցին ընդհանուր առմամբ քաղաքականացված է։ 

«Այն, որ այս ամենի մեջ եկեղեցու սպասավոր է, իհարկե խնդիրներ ստեղծում է հենց եկեղեցու համար՝ քաղաքականության մեջ մասնակցության առումով, բայց եկեք հաշվի առնենք մի կարևոր բան, որ դեռևս եկեղեցին պաշտոնապես չի հայտարարել այս գործընթացին աջակցելու կամ այդ գործընթացում ներգրավված լինելու մասին։ Եվ փաստացի մի քանի հոգևորականներից բացի, եկեղեցին՝ որպես կառույց, գործընթացում չկա, բայց մյուս կողմից էլ՝ եթե եկեղեցին չի դատապարտում կամ չի փորձում զսպել իր սպասավորի նման գործողությունները, որոնք Հայաստանի և եկեղեցու համար որևէ օգտակար բան չեն պարունակում իրենց մեջ, ապա պետք է նշել, որ եկեղեցին ևս պատասխանատվության որոշ բաժին ունի։ Բայց ես կարծում եմ՝ դա դեռևս սահմանափակ պատասխանատվություն է»,- նշեց քաղաքագետը։ 
 
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան