Չի կարող մեկը վեր կենալ ու ասել` ուզում եմ վարչապետ դառնալ, որը Սահմանադրությամբ չի կարող լինել․ Թորոսյան
«Ընդդիմադիրները եկեղեցականի գլխավորությամբ բովանդակազուրկ ցույցեր են անում, բայց դա նորմալ է ժողովրդավար երկրներում։ Չեմ ուզում անլուրջ մեկնաբանություններ տալ իրենց մասին, բայց եթե ուզում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապա պետք է 2026թ.-ին գնան ընտրությունների. քաղաքացիների ընտրության արդյունքում է դա լինում։ Էս մեր ընկերները ուզում են Սահմանադրությունը շրջանցելով վարչապետ ունենալ ու ուզում են մեկին, ով իրավունք չունի դառնալու վարչապետ»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժմանը։
Թորոսյանը կարծում է, որ առկա է սահմանադրական կարգի տապալման փորձի քրեակազմ. «Կոչ եմ անում մեր դատախազությանը և Քննչական կոմիտեին այս հարցին անդրադառնալ, որովհետև չի կարող մեկը վեր կենալ ու ասել՝ ուզում եմ վարչապետ լինել, որը Սահմանադրությամբ չի կարող լինել»։
Թորոսյանը նշեց, որ իմպիչմենտի գործընթաց սկսելու օրակարգ չկա իրենց օրակարգում, իսկ եթե ընդդիմադիրները իրենց պատգամավորական մանդատները վայր դնեն, ապա դրանով սահմանադրական ճգնաժամ չի առաջանա։
Ինչ վերաբերում է որոշ եկեղեցականների վարքագծին ու եկեղեցու դիրքորոշմանը իշխանության քայլերի նկատմամբ, Թորոսյանը ասաց. «Հարցեր կան, որ եկեղեցին չպետք է խառնվի։ Ինչ գործ ունի եկեղեցին բանակում, զորամասերում, ոստիկանությունում, կամ ինչ իրավունք ունեն մտնելու դպրոցներ. թող եկեղեցիներում իրենց ծառայությունը իրականացնեն, ու մարդիկ գնան լսեն»։
Թորոսյանի խոսքով՝ երբ որոշ եկեղեցականներ ասում են, որ պետությունը իրենց վերադարձնի 5 գյուղերը, Մատենադարանը և այլն, դրանով իրենք ցույց են տալիս իրենց դեմքը. «Ոչ մեկը թող ինձ չասի, որ դա անհատ եկեղեցականի կարծիք է, որովհետև եթե դա անհատի կարծիք է, ապա թող հանեն եկեղեցականների շարքերից»։
Թորոսյանի կարծիքով՝ որոշ եկեղեցականներ չեն համակերպվում ՀՀ անկախության հետ։
Մանրամասն՝ տեսանյութում