Ընդդիմությունը, որ արդեն շուրջ մեկ ամիս ակցիաներ է անում՝ նախ Տավուշում, ապա՝ Երևանում, պարբերաբար դժգոհում է ոստիկանության բռնի գործողություններից։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը առանձին դեպքեր նշեց, որի ժամանակ ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառել, սակայն ընդհանուր առմամբ ոստիկանների գործողությունները համաչափ գնահատեց։ Իոաննիսյանը, անդրադառնալով Զախարովայի դժգոհություններին, որ Վրաստանի ու Հայաստանի ակցիաների ընթացքում ոստիկանների գործողություններին ԵՄ արձագանքը տեղավորվում է երկակի ստանդարտների մեջ, անհամեմատելի որակեց այն, ինչ կատարվում է Թբիլիսիում և Երևանում։
Ոստիկանական գործողությունները դատապարտել է նաև Մայր Աթոռը։ «Մարդու մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայ առաքելական եկեղեցին նոր կազմակերպություն է։ Օրինակ՝ ԻՔՄ-ն 2008 թվականի ոստիկանական բռնությունները, Երևան տանկեր բերելը, հրազեն կիրառելը չի դատապարտել, որովհետև ԻՔՄ-ն ստեղծվել է 2014 թվականին։ Տպավորություն է, որ Եկեղեցին էլ է նոր հայտնվել։ Եղբայրներ և քույրեր, որտե՞ղ էիք, երբ ջրանետ էին կիրառում, արցունքաբեր գազ ու մահակ էին կիրառում։ Որտե՞ղ էիք, երբ լուսաձայնային նռնակները այնպես էին պայթում ժողովրդի մեջ, որ 10 րոպեում 54 մարդ էր հոսպիտալացվում՝ բեկորային վնասվածքներով», - ասաց Իոաննիսյանը։
Սրանից Իոաննիսյանը գալիս է այն եզրահանգման, որ Հայ առաքելական եկեղեցու գնահատականները կապված են իշխանության նկատմամբ իրենց վերաբերմունքի հետ։
«Եկեղեցին, ըստ էության, կուսակցական գործունեություն է իրականացնում։ Ուզում են քաղաքական գործունեությամբ զբաղվել՝ խնդիր չկա, թող զբաղվեն, բայց այդ դեպքում թող չօգտվեն այն առավելություններից, որոնք ունեն»,- ասաց նա։
Իսկ Կաթողիկոսին Սարդարապատ հուշահամալիր մուտք գործել չթույլատրելու վերաբերյալ Իոաննիսյանն ասաց. «Կաթողիկոսը կուսակցական գործունեություն է իրականացնո՞ւմ, թե՞ Եկեղեցու։ Որ պահին ինչպես ուզո՞ւմ է։ После 6-и я Маша, հա՞։ Եթե ուզում են քաղաքական գործունեությամբ զբաղվել, թող զբաղվեն, բայց թող դադարեն ունենալ տարբեր տեսակի արտոնություններ՝ չեն վճարում մի շարք հարկատեսակներ։ Ապօրինաբար ազատվել են մաքսատուրքերի վճարումներից, օրենքի համաձայն՝ ազատված են գույքահարկից, հողի հարկից։ Հարկեր չեն վճարում, որ թանկարժեք Լենդ Քրաուզերներով շրջեն, որ իրենց մեքենաների համարներն ավելի թանկ լինեն, քան շատ հարկ վճարող քաղաքացիների մեքենաների արժեքները»։