«Իրենք հիմա ընկած պետական կառույցների բակերում պտտվում են սահմանափակ թվով իրենց համակիրների հետ, որոնք նույն կազմով են, ինչով եղել են «լաո»-ի բոլոր հայտնությունների ժամանակ։ Հիմա սպառվում են իրենք»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժմանը։
Քոչարյանը նշեց, որ շարժման մասնակիցները պետք է մոռանան բախումների մասին. «Բախումը կկործանի իրենց բոլորին վերջնականապես՝ որպես քաղաքական գործընթացների մեջ դրված «լաո-3» կամ «լաո-4»։ Դուք այս քայլերով պետք է գնաք 2026թ.-ի ընտրություններին, կազմեք սրբազան ցուցակ ձեր սրբազան կուսակցականներով՝ դաշնակցականներով, սրբազան դիզայներներով»։
Պատգամավորը հավելեց. «Ընդդիմադիր պատգամավորները օրակարգ հայտարարեցին ու անհետացան։ Իրենք կառավարում են մեր երկրի դեմ ինչ-որ գործողություններ, որոնք տպավորություն է, որ այստեղ չեն պլանավորած։ Բացի դրանից, հարցեր կան, որոնց պետք է հստակ պատասխաններ տալ՝ հոգևորակա՞ն է, թե՞ հոգևորական չէ, սառեցվա՞ծ է, թե՞ կիսասառեցված. մարդկանց առաջ պետք է հստակ լինեն։ Բացի դրանից՝ որտե՞ղ են այդ 35 պատգամավորները, գնացեք գտեք իրենց ու կգաք՝ տեսնենք, թե ով ում բարեկամն է»։