Հենց էկզիստենցիալ վտանգ է սպառնում Ռուսաստանի շահերին՝ մեր ընդդիմությունը սկսում է պայքարել
Ես էլ շատ բան կարող եմ հայտարարել։ Ես էլ ասում եմ, որ Արշակ Կարապետյանը վճարվում է Ռուսաստանից, ինքը մեծ դեր է ունեցել պատերազմում մեր պարտության մեջ և ընդհանրապես հանդիսանում է Ռուսաստանի գործակալ։ Ես էլ դա եմ հայտարարում, դե թող հերքի։

Արձագանքելով Արշակ կարապետյանի կողմից «Լազարևյան ակումբում» հնչեցրած հայտարարություններին՝ ըստ որի Հայաստանում գործում են ամերիկյան բիոլաբորատորիաներ, որոնք վնասվել են Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղներից ու վիրուսների տարածման վտանգ կա, ասաց քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը։

Սա Արշակ Կարապետյանի անձնակա՞ն նախաձեռնությամբ հայտարարություն է, թե՞ նա տարածում է ռուսական թեզերը։ Դալլաքյանի կարծիքով՝ եթե Ռուսաստանն ուզի հարձակվել Հայաստանի վրա կամ կարողանա դրդել Ադրբեջանին դա անել, ապա կաներ դա վաղուց։ 

Անդրադառնալով Ռուսաստանում բարձրաստիճան զինվորականների ձերբակալություններին՝ քաղաքագետն ասաց, որ նպատակն է հետագա խնդիրների դեպքում ամբողջ պատասխանատվությունը դնել բանակի վրա։ 

«Կիսաքայլերը հակաքայլեր են։ Եթե չենք կարող դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա չպետք է խոսել ՀԱՊԿ-ի մասին»։ Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է կոնկրետացնի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի մասով, ասաց Դալլաքյանը։
Միաժամանակ՝ Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել էր, թե այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են: «Հայաստանի Հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, այս երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»։

Եթե հայկական կողմի հայտարարությունները որոշ քաղաքագետների կարծիքով ձեռնտու են Ռուսաստանին՝ հետագայում Հայաստանի տարածքների վրա հնարավոր հարձակումների դեպքում ալիբի ունենալու ու չարձագանքելու մասով ինչու՞ է ՀԱՊԿ-ը հայտարարում, թե ՀԱՊԿ-ի պարտավորությունները ամբողջ ծավալով շարունակում են գործել ՀՀ-ի համար, Դալլաքյանն ասաց, որ նրանք այլ ալիբի ունեն՝ սահմանների սահմանազատված չլինելը։

Անդրադառնալով միջանցքի խնդրին՝ Դալլաքյանն ասաց, որ Արևմուտքի համար կարևոր է, որ դա մնա Հայաստանի վերահսկողության ներքո և աջակցում են Հայաստանին այդ հարցում, քանի որ չեն ուզում, որ այն անցնի Ռուսաստանի կամ Թուրքիայի ու Ադրբեջանի վերահսկողությանը։ «Իշխանությունը, ինչքան էլ քննադատում ենք, փորձում է այդ գիծն առաջ տանել։ Լավ է ստացվում, վատ է ստացվում՝ այլ հարց է, բայց ես լսում եմ ընդդիմության շուրթերից, որ այդ կետը (նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետը) պետք է կատարենք, մենք ստորագրել ենք։ Ես այդպիսի բան կյանքում չեմ տեսել, որ երկրի քաղաքական ուժը ասի՝ ձեր տարածքը տվեք այլ երկրի։ Հենց էկզիստենցիալ վտանգ է սպառնում Ռուսաստանի շահերին՝ պայքարում են», - ասաց Դալլաքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան