«Ադրբեջանն իր գործելաոճով արդեն իսկ բազմիցս ցույց է տվել, որ միջազգային կառույցների կոչերն իր համար առանձնապես կարևոր չեն։ Մոտ 1 տարի է՝ շատ բարձր ատյաններից, հեղինակավոր կառույցներից, փորձագիտական խմբերի կողմից կոչեր են հնչում, բայց Ադրբեջանն անդրդվելի է իր վարքում։ Կարծում եմ՝ ավելի ազդեցիկ գործիքակազմ ունի միջազգային հանրությունը, և դրանք տարաբնույթ քաղաքական, տնտեսական, ռազմական բնույթի պատժամիջոցներն են»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց գերիների հարցերով զբաղվող իրավաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ բանաձևին։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն աշնանային և եզրափակիչ նստաշրջանի շրջանակներում երեկ ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև։ Բանաձևին Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել։
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը երեկ տեղեկացրեց, որ վեհաժողովը նշում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, 2001 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդին անդամակցելով, պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով, 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմը, հետևաբար, այդ պարտավորությունների խախտում է և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից: «Վեհաժողովը գտնում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերության, խորապես մտահոգված է շուրջ 30 հայերի ճակատագրով, որոնց ենթադրաբար տեսել, նկարահանել կամ լուսանկարել են գերության մեջ և նրանց ներկայիս գտնվելու վայրի մասին որևէ տեղեկատվության բացակայությամբ: Վեհաժողովն անհանգստացած է այն պնդումներից, որ այս անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել»,- նշել էր Ռուբինյանը՝ հավելելով, որ բանաձևը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին արագացնել հետաքննությունն այս հարցի շուրջ և համապատասխան տեղեկատվություն տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Հայաստանին, ինչպես նաև ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և առանց հետաձգման վերադարձնել նրանց Հայաստան:
Ըստ տիկին Սահակյանի՝ այս բանաձևը կարելի է որակել որպես ճնշում Ադրբեջանի վրա, բայց թե ինչ ուժգնությամբ՝ դժվար է գնահատել։ «Այս առումով ԱՄՆ կոնգրեսի նախաձեռնությունը շատ ավելի համարժեք էր, համաչափ էր տեղի ունեցածի առնչությամբ։ ԵԽԽՎ-ն, իհարկե, արձանագրել է կատարված որոշ խախտումներ և կոչ է հղել Ադրբեջանին, սակայն եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ ինչ-որ չափով հավասարության նշան կա։ Հայկական կողմին ուղղված կոչեր ևս առկա են փաստաթղթում։ Եվ որ ամենակարևորն է՝ այս պահին դեռևս քննարկումներ չկան այդ կոչերը խախտած պետության կամ պետությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու առնչությամբ։ Հետևաբար կարծում եմ, որ սրանից հետո որոշակի զարգացումներ կլինեն, բայց մի բան հստակ է՝ ճնշման ուժգնությունը չի համապատասխանում իրավիճակի լրջությանը»,- ընդգծեց Սահակյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ կարևոր է նաև այն, որ հատուկ կոչ հղվեց Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին, որպեսզի Կարմիր խաչին զուգահեռ այցելություններ իրականացնի։ Նաև, որ հստակ արձանագրվեց՝ ռազմագերիների թիվը սխալ է ներկայացված, և կան ապացույցներ, որոնք վկայում են հայ ռազմագերիների գոյության մասին, որոնց պաշտոնապես չի ընդունում Ադրբեջանը, ինչը նշանակում է, որ գործ ունենք բռնի անհետացման կամ ապօրինի սպանությունների հետ։
Հետևաբար, ըստ Սահակյանի, միջազգային հանրությունը, հաշվի առնելով Ադրբեջանի գործելաոճը, պետք է ռեալ միջոցներ գործադրի։ Այնպիսի միջոցներ, ինչպիսիք են, օրինակ, Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ տեղաշարժի սահմանափակումների կիրառումը, բիզնեսի, տնտեսական, առևտրային կապերի խզումը, քաղաքական և ռազմական էլիտայի արտասահմանում գտնվող ունեցվածքի սառեցումը և այլ միջոցներ։ «Քանի դեռ Ադրբեջանն այդ զրկանքները չի կրել, չեմ կարծում, որ Ադրբեջանը վարքի փոփոխություն կունենա հայերի հանդեպ»,- ընդգծեց Սահակյանը։
Քաղաքագետ Հակոբ Բադալյանն էլ չի կարծում, որ ԵԽԽՎ բանաձևը կարող է մեծ ազդեցություն ունենալ քաղաքական ընթացիկ վիճակի վրա, քանի որ դա այդ կշիռն ունեցող միջազգային ատյանը չէ, բայց նման բանաձևերը շատ կարևոր են ընդհանուր միջավայր ձևավորելու, հայկական դիրքորոշման և քաղաքականության համար իրավաքաղաքական թղթապանակ ձևակերպելու իմաստով. «Իհարկե պետք է առավելագույնն անել այդպիսի բանաձևերի հնարավորինս շատ լինելու և բովանդակային առումով մեզ համար օգտակար, շահեկան դրույթներ պարունակելու իմաստով։ Մենք պետք է դիտարկենք շատ կոնկրետ ճնշման միջոցներ, գործիքներ, բայց միևնույն ժամանակ դրանք պետք է դիտարկել երկարաժամկետ իրավաքաղաքական, դիվանագիտական դիմակայության, ինչու ոչ՝ նաև ռազմաքաղաքական երկարաժամկետ դիմակայության համատեքստում։ Այդ տեսանկյունից որքան շատ լինեն միջազգային նման փաստաթղթերը, որոնք արտացոլում են մեր խնդիրները և մեր շահերը, այդքան շատ նպաստավոր կլինի այն միջավայրը, որում մենք մեր քաղաքականությունը պետք է առաջ տանենք Արցախի հարցում և հայ-ադրբեջանական հակամարտությունում ընդհանրապես»,- եզրափակեց քաղաքագետը։
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ այս պահին պաշտոնապես հաստատված է 46 անձի գերության փաստը, բայց ի լրումն այդ թվի՝ առկա են անհերքելի ապացույցներ ևս 80 հայերի գերեվարման վերաբերյալ։