«Ռուս խաղաղապահները եկան, իրենց ձեռքով վերջնականապես Ամարասի վրայից հանեցին Արցախի դրոշը»․ Մաճկալաշենի գյուղապետ
Մեզ ռուս խաղաղապահները ասացին, որ ոչ մի դրոշ չբերեք, չդնեք: Մենք էլ մի դրոշի համար հո պիտի ռուսի հետ չկռվենք, նշեց Մաճկալաշենի գյուղապետը

«Ռուս  խաղաղապահները եկան, իրենց ձեռքով վերջնականապես Ամարասի վրայից հանեցին Արցախի դրոշը: Մի քանի օր  առաջ ռուսներն էլի եկան և հանեցին դրոշը, բայց էդ ժամանակ մենք էլի տանում դնում էինք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Մարտունու շրջանի Մաճկալաշենի գյուղապետ Լեռնիկ Ավանեսյանը:

«Մեզ ռուսները ասացին, որ ոչ մի դրոշ չբերեք, չդնեք: Մենք էլ մի դրոշի համար հո պիտի ռուսի հետ չկռվենք: Ես չեմ կարող ենթադրություններ անել, ադրբեջանցիներն են ռուսներից  պահանջել, թե էդտեղ ուրիշ հարց կա: Ռուսները մեզ ոչինչ չեն ասել, իրենք իրենց ձեռքով հանել են դրոշը և ասել, որ իրենց վերադասն է ասել: Ռուսը մեր անվտանգությունն է ապահովում, էդ մարդիկ մեզ պաշտպանում են, կռվե՞նք իրենց հետ»,- շարունակեց Մաճկալաշենի գյուղապետը:

Նրա խոսքով՝ գյուղում կյանքը մեռած չէ, շինարարական աշխատանքներ են այս պահին ընթանում, մարդիկ իրենց բանուգործին են:

Ավանեսյանի փոխանցմամբ՝ ամեն կիրակի հայ ուխտավորները ռուս  խաղաղապահների ուղեկցությամբ Ամարաս են այցելում:

Ասում է՝ Ամարասին թուրքի ձեռքը չի հասնում, ռուս խաղաղապահները հսկում են, բայց էլի պիտի զգոն լինես: