«․․Անգամ պատերազմի արդյունքում զոհված հերոսի մայրը նորից հղիացել էր, որպեսզի նոր երեխա լույս աշխարհ բերի, սակայն 5 ամսյա հղիության ժամանակ մահացավ՝ քովիդից։ Եթե պատվաստված լինեին այդ մարդիկ, չէին մահանա։ Պատվաստման դեպքում գործնականում բացառվում է մահվան ու վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու ռիսկը։ Այստեղ մտածելու բան ընդհանրապես չպետք է լինի», - այս մասին այսօր՝ Մեդիա կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ, ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում մահացությունն աճում է չափազանց անհանգստացնող տեմպով։ Միջինում 40 մահ՝ օրական, նշանակում է գործնականում համարյա 1 ժամում 2 հոգի մահանում է․ «Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում ծնունդների թիվը մոտավորապես 50․000 կլինի առավելագույնը, ապա այս թիվը շատ վտանգավոր է լինում, եթե տարվա կտրվածքով ենք նայում։ Այն մարդիկ, ովքեր պատվաստումներին դեմ էին խոսում, այժմ լռում են, քանի որ նրանց այդ խոսքերի արդյունքում մարդիկ են մահանում»։
Սողոյանը նշեց, որ այսօրվա Համաշխարհային առողջապահական համակարգը ավելի լավ տարբերակ, քան պատվաստումը, հիգիենան և սոցիալական հեռավորություն պահպանելն է, չի հնարել․ «Բոլորը հնարավորինս արագ պետք է պատվաստվեն, քանի որ հետո այն մարդիկ, ովքեր ասում էին՝ պետք չէ պատվաստվել, երբ հիվանդանում են, խնդրում են, որ իրենց տեղավորեն հիվանդանոցում, բայց հիվանդանոցներում տեղ չկա»։
Պարոն Սողոյանը ներկայացրեց, որ քովիդն ինքն իրենով ախտահարում է մարդու բոլոր օրգան համակարգերը, այդ թվում նաև կենտրոնական նյարդային համակարգը, իսկ հոգեկանը կենտրոնական նյարդային համակարգի հատկանիշ է, հետևաբար, ինչպիսին կլինի մեր ուղեղը, այդպիսին էլ կլինի հոգեկանը։
«Եթե միկրոսնուցման մակարդակով ախտահարվում է նաև ուղեղը, ապա այստեղ կարող է տեղի ունենալ նաև հոգեկանի խանգարումներ՝ սկսած ճանաչողական ֆունկցիաների ընկճումից, հիշողության վատացումից մինչև եզրահանգումներ անելու որոշակի դժվարություն, որն արդեն մտածողության խանգարման արդյունք է։ Նաև որոշակի համի, հոտի աղավաղումներ, ընդհուպ մինչև դրանց հալուցինացիաներ, և կարող են տարբեր հիվանդություններ սրվել», - նշեց նա, հավելելով, որ քովիդը բացի իր մատուցած վատ ծառայությունից, կարող է նաև ակտիվացնել և պրովոկացիոն գործոն դառնալ մինչ այդ եղած տարբեր տեսակի հիվանդությունների համար, ինչը բնորոշ է բոլոր վիրուսային հիվանդություններին։
Պարոն Սողոյանը վերհիշելով Հայաստանում քովիդի առաջին ալիքը , նշեց, որ դրա ժամանակ անորոշություն կար մարդկանց մոտ՝ գումարած տեղաշարժման արտահայտված սահմանփակումը և կարանտինային ռեժիմը։ Այս ժամանակ շատերը չափազանց վատ լուրեր էին տարածում, թե կորոնավիրուս չկա։
«Անցած տարվա մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ բնակչության 40 տոկոսը գտնվում էր միջին և ծանր սթրեսի ազդեցության տակ, մոտ 30 տոկոսի մոտ դեպրեսիայի նշաններ էին և 20 տոկոսի մոտ առկա էին հոգեմարմնական խանգարումներ, այսինքն՝ մարմնական գանգատներ, որոնցից շատերն իրենց հիմքում ունեն հոգեբանական խնդիրներ», - նշեց նա։
Նույն հետազոտությունը կրկնվել է այս տարի մայիս-հունիս ամիսներին․ «Այստեղ գումարվել էր պատերազմը և թվերը շատ ավելի անհանգստացնող էին․ մինչև 60 տոկոս միջին և ծանր սթրեսների ազդեցության տակ, իսկ 30 տոկոսի մոտ արդեն հոգեմարմնական խնդիրներ էին առաջացել»։
Սողոյանի խոսքով՝ սա նշանակում է, որ առաջնային օղակ դիմող յուրաքանչյուր 3 մարդուց 1-ի մոտ խնդիրն իր ծագումով հոգեբանական է, ինչի արդյուքում պետք է թիմային աշխատանք իրականացնել և ներգրավել հոգեբանների և հոգեբուժների՝ ըստ անհրաժեշտության։
«Հաջորդ ալիքների դեպքում արդեն այդ տեղաշարժման սահմանափակումները հետին պլան մղվեցին և քովիդի անհանգստացնող գործոնները մարդկանց մոտ հիմնականում առաջացրեցին վախ՝ իրենց հիվանդանալու կամ իրենց հարազատի հիվանդանալու և մահանալու հանդեպ, քանի որ սահմանափակումներն արդեն հետին պլան են մղվել», - ասաց նա։