«Պարո՛ն Օնիկ Գասպարյան, ցանկացած գործողություն, որ պետք է կատարվի, մենք ձեզ հետ ենք»․ պաշտոնաթող փոխմարզպետ
Պաշտպանության նախարարության դիմաց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աջակցության անվան տակ հավաքվածները բանակին գործողությունների դիմելու կոչեր են հնչեցնում։    

Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից օրերս ազատված պահեստազորի գեներալ մայոր Հենրիկ Մուրադյանը ՊՆ-ի առաջ զինակիցների անունից դիմելով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին՝ ասաց․ «Պարոն Գասպարյան, մենք այսօր այստեղ ենք, ձեզ հետ ենք, ձեզ հետ ենք լինելու մշտապես։  Ցանկացած գործողություն, ցանկացած խնդիր, որը որ պետք է առաջիկայում կատարվի, մենք ձեզ հետ ենք, մենք ձեր կողքին ենք։ Մենք այսօր միացել ենք ձեզ ձեր կողքին, որպեսզի այն խնդիրները, որ ունենք, լուծենք միասին»։

Ապա, զինակից ընկերների անունից դիմեց ներկա չգտնվող բոլոր մարտական ընկերներին, աշխարհազորին, պահեսատազորայիններին և կամավորականներին՝ որ միանան իրենց այսօր սկսված շարժմանը. «Շարժում, որը պետք է ապահովի մեր ԶՈՒ-ի բնականոն գործունեությունը։ Ահա Հենրիկ Մուրադյանը առաջարկեց դիմել ՀՀ նախագահին և պահանջել, որ նա ԳՇ պետի՝ վարչապետի առաջարկն ուղարկի ՍԴ և պահանջի հանգուցալուծում»։

«Սիրելի զինակիցներ, առաջարկում եմ մեր պայքարն այսօր շարունակել Բաղրամյանում, միանանք Բաղրամյանում հավաքված մեր զինակից ընկերներին»,- հայտարարեց նախկին փոխմարզպետը՝ բացահայտելով, թե իրականում ում է միացել հրաժարական տալով։