«ՀՀ նախագահը պարտավոր է սահմանված ժամկետներում ՀՀ ՍԴ-ում վիճարկել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնազրկման մասին Փաշինյանի միջնորդությունը». Իշխան Սաղաթելյան
Այսօր ՀՀ նախագահի եւ Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի միջեւ կայացած հանդիպման առիթով Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ քննարկվել են երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությանն ու հանգուցալուծմանն առնչվող հարցեր։
«Մեր կողմից վերահաստատվել է նախկինում արդեն հայտարարված դիրքորոշումը, որ երկրի նախագահը պետք է լիարժեք կատարի ՀՀ Սահմանադրությամբ արձանագված, ՀՀ Սահմանադրական դատարանի մինչ այժմ ընդունած որոշումներով սահմանված իր իրավունքներն ու պարտականությունները։ Արմեն Սարգսյանին փոխանցվել է, որ նա պարտավոր է սահմանված ժամկետներում ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնազրկման մասին Փաշինյանի միջնորդությունը։ Մեր դիրքորոշումը ներկայացրել ենք հստակ եւ ուղիղ»,-ասաց պարոն Սաղաթելյանը:
Նրա խոսքով, այժմ արդեն իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է գործել Արմեն Սարգսյանը. «Կրկնում եմ` սահմանադրական լիազորությունների շրջանակներում ՀՀ նախագահը պարտավոր է իրականացնել ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրական պահանջները, որից էլ կբխեն մեր գործողությունները եւ հետագա քայլերը»։