Ստացել եմ բազմաթիվ դժգոհություններ զինծառայողներից, ովքեր բուժսպասարկման համար օրերով հերթ են կանգնում․ Թագուհի Թովմասյան
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այժմ քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց. «Առաջարկվում է զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարել առաջնահերթ ու անվճար պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 10-րդ օրը»:

Նա նշեց, որ ինքը ստացել է բազմաթիվ դժգոհություններ զինծառայողներից, ովքեր բուժսպասարկման համար օրերով հերթ են կանգնում: Պատգամավորի խոսքով՝ այս օրենքի նախագծի նպատակն այն է, որ զինծառայողներն իրենց ավելի պաշտպանված զգան պետության կողմից և զգան, որ իրենք առավել ուշադրության կենտրոնում են. «Այս նախաձեռնության հիմքում չկա որևէ ֆինանսական բեռ պետբյուջեի վրա»:

Պատգամավորի խոսքով՝ օրենքի նախագծով նաև գրավիչ է դառնում զինվորական ծառայությունը: