ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Civic.am-ն այսօր զրուցել է նախկին դատավոր, այժմ փաստաբան Պարգև Օհանյանի հետ։
ՍԴ դիմելու՝ Սահմանադրությամբ ամրագրված եռօրյա ժամկետը, ըստ Օհանյանի, վերաբերում է վարչապետի կողից ուղարկված առաջարկությունը ստորագրելուն կամ առարկություններով ետ վերադարձնելուն։ «Եթե վարչապետը չի ընդունում նախագահի առարկությունները և ետ է վերադարձնում, նախագահը պետք է ստորագրի կամ ուղարկի ՍԴ»,-ասաց նա։
Այստեղ, ըստ փաստաբանի, արդեն ժամկետներ նախատեսված չեն։ Օհանյանի խոսքով՝ Սահմանադրական դատարան դիմելու համար նախագահը պետք է լուրջ փաստաթուղթ կազմեր, որը ժամանակատար գործընթաց է։
Պարգև Օհանյանի պնդմամբ՝ Գլխավոր Շտաբը հետաքննական մարմին է, և քաղաքական հայտարարության փոխարեն, որտեղ կար նաև իրավական մեղադրանքի տարրեր, ԳՇ-ն պետք է հետաքննություն իրականացներ՝ նյութեր նախապատրաստեր, քրեական գործ հարուցեր, եթե գործը հասներ դրան, նաև՝ ձերբակալություններ իրականացներ։
Եթե ՍԴ-ն գտնի, որ «Զինծառայողի և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը հակասում է Սահմանադրությանը, ապա ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ով ազատվել է զբաղեցրած պաշտոնից այս նույն օրենքի հիման վրա, իրավունք կունենա վնասի փոխհատուցման համար դիմել դատարան։
Ըստ Պարգև Օհանյանի, մինչև Սահմանադրական դատարանի վճիռը, Օնիկ Գասպարյանը շարունակելու մնալ Գլխավոր Շտաբի պետ, իսկ կառավարությունը պետք է ձեռնպահ մնա Գլխավոր Շտաբի նոր պետ նշանակել։
Անդրադառնալով մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտի ստաղծմանը, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացմանը, Պարգև Օհանյանն ասաց, որ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատարանների ստեղծումը անհրաժեշտություն է, քանի որ մինչդատական վարույթի միջնորդությունները լուրջ խոչընդոտում են, ըստ էության, գործեր քննող դատավորների աշխատանքը, և սա կարող է թեթևացնել դատարանների աշխատանքը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Վովա Հակոբյան