Կարեն Անդրեասյանն Իռլանդիայի, Հունաստանի և Խորվաթիայի արդարադատության նախարարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Վենետիկում հանդիպել է  Խորվաթիայի Հանրապետության արդարադատության նախարար Իվան Մալենիկայի հետ: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է էլեկտրոնային արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին՝ ընդգծելով Խորվաթիայի ունեցած առաջատար փորձառությունն այս ոլորտում, ինչպես նաև ներկայացրել քրեակատարողական բարեփոխումների շրջանակներում, մասնավորապես, նոր մոդելի քրեակատարողական հիմնարկ հիմնելու նախարարության ծրագրերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Խորվաթիայի արդարադատության նախարարը նշել է, որ փոխադարձ այցելությունները հնարավորություն կտան առկա խնդիրներին առավել թիրախային լուծումներ տալ:

«Համաժողովի շրջանակներում նախարարը հանդիպումներ է ունեցել նաև ԵԽ անդամ երկրների իր գործընկերների հետ: Իռլանդիայի արդարադատության վարչության պետական նախարար Ջեյմս Բրաունի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական քաղաքականության մշակման ոլորտում Իռլանդիայի առաջատար փորձառությունը և ՀՀ-ում իրականացվող ոլորտային բարեփոխումների շրջանակներում հետագա համագործակցության խորացման հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հաջորդիվ նախարար Անդրեասյանը հանդիպել է նաև Հունաստանի արդարադատության նախարար Կոստաս Տիարասին։ Անդրեասյանը գործընկերոջն է ներկայացրել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները,  մասնավորապես՝  էլեկտրոնային արդարադատության ոլորտում, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտի թվայնացմանը վերաբերող մանրամասներն ու սպասվելիք բարեփոխումները։ Նախարարը կարևորել է Հունաստանի առաջատար փորձը՝ էլեկտրոնային արդարադատության ոլորտում։

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն  են հայտնել միմյանց և պատրաստակամություն հայտնել շարունակելու և առավել խորացնելու առկա համագործակցությունը: