Երևանի Չերյոմուշկա թաղամասի վթարային բնակֆոնդը թարմացվելու է, կկառուցվեն նոր բազմաբնակարան շենքեր․ Կառավությունն ընդունեց նախագիծը
Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց նաև վթարային շենքերից մեկի համար իրականացվելիք ներդրումային սոցիալական ծրագրին։ 

«ՋԻ ԷՄ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի ձևով հողամաս կօտարվի, որպեսզի ընկերությունը վերաբնակեցնի Շինարարաների փողոցի 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին։

Նախագծի զեկուցող ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով ընկերության ներկայացրած ներդրումային ծրագիրը, նշեց, որ այն բաղկացած է թվով 2 բազմաբնակարան շենքից և իրականացվելու է երկու փուլով․ «Առաջին փուլում ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն Շինարարների փողոց 23/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել մոտ 2000 քմ մակերեսով բնակելի տարածք՝ շինարարների փողոց 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով։ Բնակելի շենքը կունենա 94 բնակարան և ստորգետնյա 22 տեղանոց ավտոկայանատեղի։ Իսկ երկրորդ փուլում նախատեսվում է ապամոնտաժել շինարարների փողոցի վթարային շենքը և տեղում կառուցել բազմաբնակարան բնակելի շենք։ Այս փուլը նախատեսվում է սկսել վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելուց կամ համապատասխան փոխհատուցում տալուց հետո»։ 

Նախագիծը հաստատվեց, որոշվեց  համաձայնություն տալ Երևանի Շինարարների փողոցի 23/9 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 0,02 հեկտար մակերեսով հողամասը բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նպատակով ուղղակի վաճառքի ձևով օտարել «ՋԻ ԷՄ Քոնսթրաքշն»։

Սուրեն Պապիկյանի խոսքով այս ծրագիրը կարող է խթան հանդիսանալ թարմացնելու Երևանի վթարային բնակֆոնդը՝ մասնավորապես Չերյոմուշկա թաղամասի։ 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ հավելեց, որ Կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում՝ այսօր ՀՀ-ում ունենք 600-ից ավելի 3-րդ և 4-րդ վթարային շենքեր, որոնցից 95-ը 4-րդ կարգի են․ «Դրանց զգալի մասը գտնվում է Երևան քաղաքում, Շիրակում և Լոռիում»։