ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, թեպետ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ազատման առաջարկը հետ ուղարկեց վարչապետին իր առարկություններով, այնուամենայնիվ չենթարկվեց ընդդիմության ազդեցությանը և այն չուղարկեց Սահմանադրական դատարան՝ հակասահմանադրական ճանաչելու պահանջով։
Փոխարենը ՀՀ նախագահը ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուղարկեց ՍԴ՝ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համատասխանության հարցը որոշելու համար։ Նախագահի գործողությունների արդյունքում ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից՝ այս մասին հայտարարեց ՀՀ կառավարությունը և վարչապետը ԳՇ նոր պետ նշանակելու միջնորդություն ներկայացրեց նախագահին։ ՀՀ վարչապետը թեպետ միջնորդել էր Արտակ Դավթյանին նշանակել ԶՈւ ԳՇ պետ և նախագահը եռօրյա ժամկետ ուներ նշանակելու համար, այնուամենայնիվ այսօր արդեն իսկ միջնորդությունը առարկություններով հետ ուղարկվեց վարչապետին։
Արդյո՞ք նախագահն այս անգամ կդիմի ՍԴ, թե կրկին վարչապետից հետ կստանա միջնորդությունն ու սահմանված ժամկետը լրանալուց հետո Արտակ Դավթյանը կզբաղեցնի ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը։ Նախագահի արդեն իսկ արված քայլերից կարելի է ենթադրել, որ այնուամենայնիվ Արտակ Դավթյանը կնշանակվի ԶՈւ ԳՇ պետ։
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ Արմեն Սարգսյանի քայլերը պետք է դիտարկել այն տրամաբանության մեջ, որ նա փորձում է թուլացնել ներքաղաքական լարվածությունը․ «Եթե նախագահը Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակեր, ընդդիմության կողմից լարվածությունը կմեծանար, որովհետև այդ դեպքում նա կընկալվեր որպես ներքաղաքական առճակատման կողմերից մեկի կողքին կանգնած անձ։ Նա փորձում է ներքաղաքական այս առճակատումից վեր կանգնել և որպես միջնորդ հաշտեցնող դեր կատարել»։
Քաղաքագետի խոսքով՝ նախագահի առաջնահերթությունն է իրավիճակը հանգուցալուծել օրենքի շրջանակներում, բայց այլ հարց է, թե լարվածությունը թուլացնելու համար նա լավագու՞յն քայլին է դիմել, թե՞ ոչ։
Արմեն Բաղդասարյանի տեսանկյունից նախագահի գործողությունների միակ դրական կողմն այն է, որ այնուամենայնիվ փորձ է արվում խնիրը կարգավորել օրենքի շրջանակներում և ոչ թե զոռբայությամբ․ «Նախագահն արդեն իսկ դիմել է ՍԴ և ինչ որոշում էլ լինի՝ դա կլինի իրավական որոշում։ Մի բան է, երբ գեներալիտետը դեմ է գնում վարչապետի հրամանին, այլ բան է, երբ դեմ է գնում իրավական որոշմանը։ Կարծում եմ, եթե անգամ գեներալիտետը բացահայտորեն դեմ գնա վարչապետին՝ դեմ չի գնա իրավական որոշմանը»,-ասաց մեր զրուցակիցն ու հավելեց, որ նախագահի քայլի իմաստը հենց դա է, որ խնդիրը դիտարկել ոչ թե գեներալիտետ-գործադիր իշխանություն տիրույթում, այլ գեներալիտետ-օրենք կամ Սահմանադրություն տիրույթում։
Նարա Մարտիրոսյան