Առողջապահության նախարարի կողմից հաստատված կորոնավիրուսային հիվանդության նվազեցմանն ուղղված նոր սահմանափակումների պահպանումը շարունակվում է հետևողականորեն ստուգվել տեսչական մարմինների կողմից։
Նշենք, որ հունվարի 22-ից ժամանցի վայրեր՝ մասնավորապես մշակութային կառույցներ, մարզասրահներ, ինչպես նաև հանրային սննդի վայրեր և հյուրանոցներ այցելելիս անհրաժեշտ է ցույց տալ Covid-19-ի դեմ պատվաստման կամ թեստավորման բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ:
Civic.am-ի հետ զրույցում ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ հանրային սննդի վայրերի ստուգումներն իրականացվում են ամեն օր՝ առանց շաբաթ-կիրակիի, և հիմնականում երեկոյան ժամերին, քանի որ մարդկանց մուտքը հանրային սննդի օբյեկտ հիմնականում երեկոյան ժամերին է լինում: «Իրավախախտում թույլ տված տնտեսվարողների նկատմամբ կազմված արձանագրությունները հավաքվում են և տրվում են իրավաբանական բաժին, որտեղ որոշվում է տվյալ տնտեսվարողի պատասխանատվության չափը, և ուղարկվում է վարչական տուգանքի մասին փաստաթուղթը»,- հավելեց Անուշ Հարությունյանը։
ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետի խոսքով՝ հունվարի 24-ին և 25-ին Երևանում հանրային սննդի 18 կետերից միայն մեկում է խախտում արձանագրվել, ստուգայցեր են եղել նաև իրացման ցանցերում ու արտադրություններում, որտեղ խախտումներ չեն հայտնաբերվել։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որը պատասխանատու է հունվարի 22-ից սկսած սահմանափակումների ցանկում ներառված մյուս ոլորտների, այդ թվում՝ հյուրանոցների, մարզասրահների, մշակութային վայրերի համար, ևս ակտիվ ստուգայցեր է իրականացնում ՀՀ ողջ տարածքում։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանը նշեց, որ հունվարի 25-ին շուրջ 28 տնտեսվարողի մոտ ստուգայցեր են իրականացվել, որոնցից 2-ի մոտ են խախտում հայտնաբերել։
Տեսչական մարմինների հետ ստուգայցեր են իրականացնում նաև ոստիկանության աշխատակիցները։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ ոստիկանությունը ոչ թե վերահսկում է տեսչական մարմինների աշխատանքը, այլ ստուգումներն իրականացվում են ոստիկանության աջակցությամբ: «Պարզապես տեսչական մարմնի հետ ոստիկանները գնում են ստուգումներ իրականացնելու»,- նշեց նա։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով սահմանափակումներին, ընդգծեց. «Ես խորին համոզմունք ունեմ, որ այս գործընթացն իրականացվում է պատվաստումները խթանելու համար, սակայն պետություն-հասարակություն երկխոսությունների մեջ մենք առնվազն անկեղծ չենք։ Փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի նոր շտամը՝ «օմիկրոնը», վարակում է նաև պատվաստվածներին, բայց մյուս կողմից էլ՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ պատվաստված մարդը շատ ավելի թեթև է տանում հիվանդությունը։ Մենք պետք է հորդորենք քաղաքացիներին իրենց առողջությունը պահպանելու համար պատվաստվել, բայց ճիշտ քարոզչություն տանելու միջոցով»։
Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ մարդը երբ մտածում է՝ պատվաստվի, թե ոչ, սահմանափակումների պարագայում ինքը հասկանում է, որ իրեն ոչ թե բացատրում են, որ անհրաժեշտ է պատվաստվել, այլ գործիք են կիրառում՝ իրեն «խաբելով» պատվաստման ուղղորդելու, մինչդեռ մարդկանց պետք է իրականում բացատրել, որ պատվաստվելը կարևոր է. «Տնտեսության վրա անկասկած բացասական ազդեցություն կունենան այս սահմանափակումները։ Սա նաև բերելու է իրավանորմի նկատմամբ հանրային վերաբերմունքի անտարբերության, այսինքն՝ բոլորն իմանալու են, որ նշված վայրեր առանց QR կոդի չի կարելի գնալ, բայց գնալու են՝ օրենքը խախտեն, որովհետև պետությունը չպետք է բերի իրավանորմ, որը պրոֆեսիոնալ կերպով չի հսկելու։ Եթե, օրինակ, 5 հոգի որոշել են գնալ ռեստորան, որից մեկը չունի QR կոդ, ապա կամ գնալու են ռեստորան՝ խախտելով օրենքը, կամ գնալու են 5-ից 1-ի տուն, երկուսն էլ վատ է»։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը հիշատակեց՝ երբ քաղաքացիներին պարտադրվեց գործատուին ներկայացնել կամ պատվաստման վկայական, կամ բացասական թեստի արդյունք, դա նպաստեց պատվաստումների մեծ հոսքին, սակայն հիմա հունվարի 22-ից սկսած QR կոդերի գործիքը կիրառելով պետք չէ հուսալ, որ կրկին արդյունավետ է լինելու: «Ամեն անգամ նույն արդյունավետությունը չի լինելու, և ռիսկը լինելու է ցածր»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը։
Բաբկեն Պիպոյանը լուծումը տեսնում է պատվաստումների ճիշտ քարոզչություն իրականացնելու մեջ, այսինքն՝ ճիշտ ներկայացնելով պատվաստումների արդյունավետությունը, թե այն ինչ չափով է նվազեցնում հոսպիտալացումը և այլն։
«Երբ տեսնում ենք՝ պատվաստված մարդիկ վարակվում են, օրինակ՝ ՀՀ վարչապետը, պատվաստման երեք դոզա ստացած լինելով, վարակվեց կորոնավիրուսով, այս պարագայում հարց է առաջանում՝ ինչ է նշանակում պատվաստված մարդուն առանց թեստի բացասական պատասխանի թողնել հանրային սննդի օբյեկտ, իսկ չպատվաստված ու թեստ չունեցող մարդուն չթողնել։ Պատվաստված մարդը կարող է և վարակվել, և վարակել։ Օրինակ՝ հանրային առողջապահության նկատառումներից ելնելով եթե ասեին, ով որ չի բերել թեստի բացասական պատասխան, հանրային սննդի օբյեկտ չենք թողնում, որովհետև մեզ համար կարևոր է երաշխիքը, որ առողջ ես՝ ես կհասկանայի, կասեի՝ շատ խիստ մոտեցում է, տնտեսությանը վնաս կլինի, բայց նպատակը հանրային առողջությունն է»,- հավելեց Բաբկեն Պիպոյանը։
Հայաստանի սպառողների ասոցիացիայի փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն էլ ընդգծեց, որ այս գործիքով առաջինը վնաս է հասցվում բիզնեսին, քանի որ սպառողների թվի նվազումից կնվազի տնտեսվարողների եկամուտը՝ կպակասի վաճառքի շրջանառությունը: «Սպառողներին չի կարելի պարտադրել՝ եթե սպառողը ցանկանար պատվաստվել, մինչ այդ կպատվաստվեր։ Իսկ մինչ հիմա մենք չգիտենք, թե պատվաստանյութերը որքանով են արդյունավետ, ինչքանով են օգնում վարակի նվազեցմանը և որքանով են օգնում կրկնակի չվարակվելուն։ Այս որոշումը չի կարող միանշանակ մեկնաբանվել այնպես, որ պետությունը մտածում է հանրային առողջության մասին՝ նվազեցնելու վարակը, քանի որ նման դեպքում առաջնահերթ ուշադրություն կդարձվեր հանրային տրանսպորտին, որտեղ ուղևորների ոչ հեռավորությունն է պահպանված, ոչ էլ սանիտարահիգիենիկ պայմանները։ Խնդրի լուծումը պետք է սկսվեր վարակի ամենամեծ տարածման աղբյուրից՝ հանրային տրանսպորտից»,- նշեց Սյուզաննա Չիլինգարյանը։
Նարա Մարտիրոսյան