4750 զոհ՝ ըստ Միշիկի, 5000՝ նրա աներհոր, 5000 և ավելի՝ ըստ ՀՅԴ-ի, 5-7000՝ ըստ քոչարյանական «5-րդ ալիքի»․ Ով և ինչպես էր շահարկում պատերազմում զոհերի թիվը՝ մարդկանց փողոց հանելու և իշխանության վերադառնալու մարմաջով
Ցավալի է, երբ պատերազմական գործողությունների հետևանքվ արձանագրված զոհերի թիվն ու գերիների հանգամանքը շահարկվում են քաղաքական նպատակներով։ Թե՛ Ապրիլյան քառօրյա, թե՛ 44-օրյա պատերազմից հետ շրջանառության մեջ դրվեցին զոհերի թվի մասին իրարամերժ տեղեկություններ։ Մասնավորապես՝ որպես ապրիլյան պատերազմի զոհերի ոչ պաշտոնական թիվ մամուլում և հանրային քննարկումներում նշվում էր «մոտ 100 զոհ» թիվը,  իսկ 44-օրյա պատերազմի զոհերի մասին առաջին անգամ ֆեյսբուքում թիվ հայտնվեց՝ 4750, որի հեղինակը ոչ թե ՀՀ պետական իրավասու՝ պաշտոնական վիճակագրություն վարող մարմիններն էին, այլ նախկին դեսպան, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը։ Նա դեռևս 2020 թ. նոյեմբերի 14-ին, պատերազմի ավարտից  կարճ ժամանակ անց, շտապեց օգտագործել բոլորիս պատուհասած աղետն ու ողբերգությունը՝ ֆեյսբուքյան իր պատը  «զարդարելով» զոհերի մասին կեղծ տվյալներով։  Եվ, հավատարիմ իր ռեպերտուարին, մասնավորապես գրեց. «Մինչև օրս չկա պատերազմի զոհերի վերջնական թիվ: Իրականում կա, բայց չի հրապարակվել։ Իսկ փաստն այն է, որ 5 օր առաջ ԱԱԾ-ն ու ՊՆ-ն Նիկոլին զեկուցել են, որ այս պահի տվյալներով՝ ունենք 2250 զոհված և հերձված, 1400 զոհված և դեռևս չհերձված, 1100 անհետ կորած։  4750 հաստատված մահ, որ փաստաթղթով զեկուցվել է ՀՀ վարչապետին։ ...4750-ը թիվ չէ, մեր միսն ու արյունն է։ Մի ամբողջ սերունդ է։ Մի մեծ քաղաք է։ Մի մեծ բանակ է։ Այս մղձավանջի պատասխանատուներն այնքան էին լկտիացել, որ պատերազմի վերջին մեկ շաբաթվա ընթացքում ընդհանրապես դադարել էին զոհերի անուններ հրապարակել։ Չեն թույլատրել տեսանկարահանել ոչ մի զոհի հուղարկավորություն: Սա է իրականությունը»: 

Ակնհայտ է, որ վտարանդի փեսան, շրջանառելով զոհերի մասին կեղծ տվյալներ և շահարկելով  իր իսկ կողմից մոգոնված կեղծ թիվը, նպատակ ուներ խաղալ հասարակության հույզերի հետ, կրքեր բորբոքել ու մարդկանց փողոցներ հանել։ Այդ նույն ստատուսում Մինասյանը կոչ է անում բոլորին երեկոյան ժամը 6-ին լինել Ազատության հրապարակում և մասնակցել ազգային մոմավառությանը։  «Նրանք առյուծ տղերք էին, որ զոհվեցին հանուն հայրենիքի։ Զոհվեցին իրենց հողի համար, որը մի ապիկար խելագար որոշեց գրիչի ընդամենը մեկ հարվածով հանձնել թշնամուն։ Լույս ձեր շիրիմներին, տղե՛րք: Անիծվե՜ք դուք՝ սրբապի՜ղծ ստահակների ոհմակ»,- իր ստատուսն անեծքով էր եզրափակել Հռոմի պապի աջը քանիցս սեղմած, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը։ 

Նրա ֆեյսբուքյան գրառումն էլ՝ կից զոհերի թիվը պատկերղ կարմիր ու սև լուսանկարով, տարածել էին գրեթե բոլոր ԶԼՄ-ները։ Նրա երկարաշունչ ստատուսի միակ արժանահավատ նախադասությունը՝ զոհերի թվի հետ կապված, թերևս  առաջին նախադասությունն էր՝ «մինչև օրս չկա պատերազմի զոհերի վերջնական թիվ», քանի որ 2020 թ. նոյեմբերի դրությամբ, իրոք, զոհերի վերջնական թվի մասին հայտնի չէր։ Նախկին դեսպանի հրապարակ նետած կեղծ թիվը որոշ շահագրգիռ ուժերի կողմից «կլորացվեց», դարձվեց 5000 և դրվեց շրջանառության մեջ։ Պատերազմից շուրջ մեկուկես տարի անց զոհերի թվի մասին խոսելիս շատերը, այդ թվում՝ ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, խախտելով բարոյականության, էթիկայի նորմերը, հղում են անում 5000 թվին՝ շահադիտական նպատակներով ուռճացնելով պատերազմում մեր ունեցած մարդկային կորուստները։  

Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անցյալ տարվա հունվարին գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր «կորցրինք մեր հայրենիքի՝ Արցախի, 70 տոկոսը, տվեցինք 5000-ից ավելի զոհ, 10 հազարից ավելի վիրավորներ և այսօր մեր երկիրը գտնվում է ծանր վիճակի մեջ»։

ՊՈՒ-ականները ուրիշի աչքի փուշը տեսնում են, սեփական աչքի գերանը՝ ոչ 

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ  երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի թվի մասին հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն ի պատասխան նշեց, թե անգիր չի հիշում զոհերի թիվը։ Մամիջանյանն այնուհետ հակադարձեց.  «2016թ. հաղթանակից հետ տևական ժամանակ մի շարք լրատվամիջոցներ, որոնցում այդ ժամանակ աշխատում էին ձեր քաղաքական թիմի որոշ ներկայացուցիչներ, անդադար արծարծում էին հարյուրից ավելի զոհերի թիվը։ Ձեր նախորդ որակումը... ամեն զոհ մեծագույն ողբերգություն է բոլորիս համար։ Եթե 44-օրյա պատերազմի հետ կապված չպարզված հանգամանքներ կան, ապա ապրիլյանի դեպքում թիվը հստակ էր։ Հորդորում եմ ապրիլյանի զոհերի թվի վերաբերյալ մանիպուլյատիվ վերաբերմունք չցուցաբերել»։ Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան՝ հակադարձեց, թե «օրեր առաջ ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն ասում էր 5000 զոհ։ Որտեղի՞ց այդ տվյալը»։ Ապա հավելեց, թե նրա ընտանիքի անդամներից մեկն էլ 7 հազար զոհի մասին կեղծ տվյալ էր շրջանառել։ 

Այսօր էլ  նույն խմբակցության մեկ այլ անդամ՝ Տիգրան Աբրահամյանը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, թե Ապրիլյան պատերազմի զոհերի թիվը 75 է, ապա ուղղում մտցրեց Սարգսյանի ընտանիքի անդամի  հրապարակած թվի մասով. «Հնչեց ոչ միայն նախագահի, այլ նաև նախագահի ընտանիքի անդամներին վերաբերող կեղծ տեղեկատվություն, թե 7000 թիվ է հնչել, նման բան չի եղել, հնչել է 4750 թիվը, այսինքն՝ մոտավորապես թիվը եղել է 4-5 հազարի շրջանակներում»: 

Ստացվում է, որ պարոն Աբրահամյանը ևս կողմնակից է զոհերի թվի մասին խոսելիս մոտավոր, իրականությունից հեռու, «կլորացված» թիվ նշելուն՝ այն դեպքւմ, երբ յուրաքանչյուր զոհ, ինչպես Փաշինյանի խոսքին հղում արեց Մամիջանյանը, տրագեդիա է։ Փաստորեն, Աբրահամյանն ու նրա քաղաքական ղեկավարությունը, այդ ղեկավարության ընտանիքի անդամները կարող են մանիպուլյատիվ նպատակներով  օգտագործել մարդկային տրագեդիաները, ավելին՝ սրտնեղել, թե ինչու են ոմանք 2016-ին՝ իրենց իշխանության օրոք, արձանագրված տրագեդիաների թիվն ավելացնում՝ նորմալ համարելով այն, որ նույն կերպ վարվում են հենց իրենք՝ 2020-ին պաշտոնապես արձանագրված տրագեդիաների թվի վրա հանգիստ խղճով մի քանի հարյուր կամ հազար տրագեդիա ավելացնելով։ Լեգիտիմ հարց է  ծագում՝ նման մարդիկ պատիվ ունե՞ն։     

Ի դեպ, Ապրիլյան քառօրյայի զոհերի թվի մասին առաջին անգամ կոնկրետ թիվ հայտարարեց Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, այն էլ  պատերազմից 3 տարի անց միայն՝ 2019 թ. ապրիլի 3-ին՝ մասնավորապես  նշելով. «Եթե ասում ենք ապրիլյանի զոհեր, ճիշտ կլինի ֆիքսվենք առաջին 4 օրվա վրա, իսկ եթե 4 օրվա կորուստներն ենք ֆիքսում, ապա 4 օրվա կորուստը կազմում է 75 մարդ՝ 61 զինծառայող, ուզում եմ կարևորել, որ նրանցից կեսը սպաներ են եղել, 12 աշխարհազորային, 2 պահեստազորային: Աշխարհազորայինն ու պահեստազորայինը զինծառայողներ չեն, բայց գալիս էին, որ մտնեն զինծառայության մեջ, բայց շատերը չէին էլ հասցրել մտնել ծառայության մեջ»։ Նա նաև հավելել էր, թե  ունեցել ենք նաև 4 քաղաքացիական զոհ՝ մեկ երեխա և երեք ծերունի: Ենթադրում ենք, որ հենց Հովհաննիսյանի նշած տվյալին էլ հղում էր անում Տ. Աբրահամյանը:

Նշենք, որ ինքը՝ Մինասյանի աներհայր Սերժ Սարգսյանն էլ, խոսելով 44-օրյա պատերազմի մասին,  քանիցս իր խոսքում կիրառել է «5000 զոհ» կեղծ տվյալը։  Մասնավորապես 2021 թ. հունիսի 13-ին, ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանում, անդրադառնալով ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ ունեցած հեռախոսազրույցին, նշել էր. «Էդ ընթացքում, իհարկե, կոշտ-կոպիտ խոսքեր եղել են, ես նույնիսկ չեմ հիշում՝ հայհոյել ենք, թե չենք հայհոյել, բա ի՞նչ անեինք՝ գովասանեի՞նք, ասեինք՝ ապրե՞ք, որ մեր հայրենիքի կեսը հանձնել եք ու 5 հազար զոհ եք տվել»։ Մի քանի ամիս անց էլ՝ ՀՀԿ վերջին համագումարի ժամանակ, Սերժ Սարգսյանը կրկին գործածել էր հիշյալ թիվը։ «Իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում 5000 ընտանիքներ կորցրին իրենց հույսը, շատերը՝ իրենց տան միակ կերակրողին, իրենց ապրելու նպատակը: 5000 երիտասարդներ այդպես էլ իրենց հարսանիքին չպարեցին, 5000 հայ ընտանիքներ չկազմվեցին, երեխաներ չծնվեցին»: 

Ի դեպ, «5000 զոհ» կապակցությունը, Սերժ Սարգսյանի շուրթերից հնչել է ոչ միայն 44-օրյա պատերազմի մասին խոսելիս, այլև Արցախյան առաջին պատերազմի։ Ալեքսանդր Լուկաշենկո-Սերժ Սարգսյան աղմկահարույց ձայնագրության մեջ, որին Մամիջանյանը օրերս հպարտությամբ հղում էր անում, Ս. Սարգսյանը, առարկելով 7  շրջանները 5 միլիարդ դոլարի  դիմաց Ադրբեջանին հանձնելու Լուկաշենկոյի առաջարկին, ասում է՝  դա հնարավոր չէ, քանի որ այդ տարածքներն ազատագրելու համար հայկական կողմը 5 հազար զոհ է տվել։ 
 
Այդ ո՞ր լրատվամիջոցներն էին շահարկում Ապրիլյան քառօրյայի զոհերի թիվը. 75, թե՞ 86 

Մամիջանյանը, չգիտես ինչու,  սրտնեղում է «այն մի շարք լրատվամիջոցներից», որոնցում, իր ասելով, աշխատում էին Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչներն ու Ապրիլյան քառօրյայի զոհերի թվի մասին ոչ ստույգ տվյալներ  հրապարակում։ Պարոն Մամիջանյանն արդյոք  ուշադի՞ր է ուսումնասիրել լրատվական դաշտի այլ սուբյեկտների լրահոսը։ Մասնավորապես, yerevan.today լրատվական կայքը, որը  հաստատապես կապ չունի Փաշինյանի հետ, սակայն որպես Ապրիլյան քառօրյայի զոհերի թիվ նշել է «մինչև 110 զոհ» կապակցությունն ու հրապարակել զոհերի լուսանկարները։  Մամիջանյանին առաջարկում ենք ծանոթանալ այդ նյութին՝ հետևյալ հղումով՝ yerevan.today:
 
Մեկ այլ կայք էլ՝ yerkir.am-ը, ամիսներ առաջ՝ 2021 թ. օգոստոսի 6-ին, զետեղել էր «5-րդ ալիքի»-ի ռեպորտաժը (ԶԼՄ-ներ, որոնց նույնպես  ոչ մի կերպ հնարավոր չէ ասոցացնել  Փաշինյանի կամ նրա գործընկերների հետ), որում ներկայացվում էր  զինված ուժերում  խաղաղ պայմաններում արձանագրված զոհերի թիվ։ Ըստ այդմ ՝ «Սերժ Սարգսյանի օրոք (2008-2018թթ.) ունեցել ենք 228 մարտական կորուստ։ Այս զոհերից 86-ը արձանագրվեց Ադրբեջանի սադրած Ապրիլյան պատերազմի ընթացքում։ Սա ևս դատախազության պաշտոնական պատասխանն է: Մյուս տարիների թվերը գրեթե համադրելի են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարիների հետ։ Նիկոլ Փաշինյանի օրոք մարտական կորուստներն անցնում են 5 հազարը, որոշ փորձագետների հաշվարկներով՝ 7 հազար»։ 

Ամփոփելով վերը նշվածը՝ արձանագրենք, որ առնվազն բարոյական չէ, երբ ստի ու կեղծիքի, մանիպուլյացիաների մասին խոսում են մարդիկ, որոնց համար հիշյալ երևույթները քաղաքական կացութաձևի անբաժանելի մասն են։ Ոմանց համար էլ կեղծիքն  ու մանիպուլյացիան մի փոր հաց ապահովող փեշակի են վերածվել, որով վերջիններս զբաղվում են «քաղաքականություն» անվան տակ։  

44–օրյա պատերազմի զոհերի թվի կեղծմամբ բոլորին տվել-անցել էր «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, այժմ Հայաստան դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը՝ նշելով 10 հազար զոհի մասին։ «Իմ ունեցած միջանկյալ ճշտված տվյալներով զոհերի թիվն անցնում է տաս հազարը։ Միգուցե այս է պատճառը, որ իշխանությունները հրաժարվում են հրապարակել մեր զոհերի թիվը»,-իր հարցազրույցներից մեկում կեղծ տվյալների հերթական դոզան էր բաց թողել Ղազինյանը։

Հ.Գ. Civic․am-ը Ապրիլյան քառօրյայի զոհերի թվի վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ ՊՆ։ Պատասխանը կհրապարակենք հաջորդիվ։ Նշենք, որ Քննչական կոմիտեի տվյալներով, որին երեկ հղում արեց Ն. Փաշինյանը, 44-օրյա պատերազմի զոհերի թիվը  3812 է։  


Հեղինե Մանուկյան