Երիտասարդը, որ համաձայնեց
«Ազատության» հետ խոսել անանուն մնալու պայմանով, առաջին խաղադրույքն արել էր 15 տարի առաջ։ Ու թեև պարտվել էր, բայց այդպես էլ չէր կարողացել կանգ առնել։
«Չէի կարում դուրս գայի ես խաղատներից մոտ 10-15 տարի: Իմ աչքի դեմը լիքը մարդիկ են եղել, որ մեքենան կրվել են, տենց գնացել են», - պատմեց «Ազատության» զրուցակիցը:
«Եթե անգամ ոչ մի կոպեկ չունես, միևնույնն է բուքմեյքերական ընկերությունները կընդառաջեն, որ խաղադրույք անես», - պատմում է «Ազատության» մեկ այլ զրուցակից՝ կրկին անանուն մնալու պայմանով՝ ներկայացնելով, - «Տեղեր էլ կա, որ պարտքով են դնում, գիտեն, որ տալու ես, մի ժամ հետո, պետք ա տաս, երկու ժամ հետո պետք ա տաս: Չտաս, իրանք գիտեն դու որտեղ ես, ախրանայով գալիս են կամ տանում են իրանց օֆիս»:
Մեր հաջորդ զրուցակցի պատմությունը սկսվել էր 500 դրամ խաղադրույքից ու ավարտվել շատերին ծանոթ սցենարով՝ նախ խնայողություններն էր կորցրել, հետո՝ տունը, վերջում՝ ընտանիքը։
«Արդեն, որ խայտառակ ես լինում, սաղ իմանում են, արդեն սկսում ես սրանից-նրանից պարտք վերցնել, քո ինքնագնահատականը իջնում ա, որ քո վրա խաչ ես քաշում՝ ինչ կլինի-կլինի, հիվանդության ա վերածվում էդ խաղալը: Հիմա էն փուլում եմ, որ էլ հնարավորություն չկա, դու արդեն զզվում ես քեզանից, ասում ես՝ հա, էլ չեմ խաղա, չեմ խաղա, բայց չի ստացվում: 15 տարի ես իմ կյանքից եմ կորցրել», - նշեց «Ազատության» զրուցակիցը:
Հիմա փորձում է հոգեբանի օգնությամբ նախկին կյանք վերադառնալ, սա այն բանից հետո, երբ իր պես՝ խաղամոլությամբ տարված ու պարտքերի մեջ խճճված ընկերը դիմեց ինքնասպանության։ Հիմա, հիշելով իր մահացած ընկերոջն ու բուքմեյքերական կետերում հանդիպած տասնյակ այլ տուժածների, ասում է՝ անխղճություն է Հայաստանի նման երկրում թույլ տալ, որ բուքմեյքերական ընկերություններն այդքան հասանելի լինեն ու հիշեցնեն իրենց մասին ամեն քայլափոխի։
«Քեզ արդեն ձգում ա, որ ընդեղ լինես, ուշք ու միտքդ ընդեղ ա, կապ չունի ծնունդ ա, հարսանիք ա, դու եթե չես էլ խաղում, մտքով արդեն ընդեղ ես», - ասաց նա:
Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում մեկ տարում մարդիկ ավելի քան 140 միլիոն դոլար են պարտվելՊաշտոնական վիճակագրությամբ, անցած տարի Հայաստանում բուքմեյքերական ոլորտում ավելի քան 6,5 միլիարդ դոլար է շրջանառվել, համեմատության համար՝ նույն ժամանակահատվածում ողջ երկրի պետբյուջեն երկու անգամ ավելի քիչ եկամուտ է ստացել։ Մեկ տարում մարդիկ ավելի քան 140 միլիոն դոլար են պարտվել մի երկրում, ուր յուրաքանչյուր երրորդն ապրում է աղքատության մեջ։
Այս պատկերը նոր չէ․ թավշյա հեղափոխությունից ամիսներ անց դեռ վարչապետ փաշինյանը հրահանգել էր շտապ քայլեր ձեռնարկել, որ տնտեսությունը հիմնված չլինի մոլախաղության վրա։
«Երբ որ նայում ենք մեր տնտեսական աճի ցուցանիշները, պարզվում է՝ մեր տնտեսական աճի ցուցանիշների մեջ այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը, այսինքն, սա ընդհանրապես աբսուրդ է: Այո, մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը, մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մի կողմից, կներեք բառիս համար, ղումարբազությունն է խրախուսվում: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկը խրախուսենք, ոչ էլ մյուսը խրախուսենք», - հայտարարել է Փաշինյանը:
Վարչապետի այս հրահանգից հետո օրենքը փոխվեց․ խաղային ավտոմատները գազալցակայաններից վերացվեցին, բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակվեց, արգելվեց անչափահասների ներգրավումը։ Գրեթե նույն ժամանակահատվածում, սակայն, 2020-ի հունվարի 1-ից, թույլատրվեց ինտերնետ շահումով խաղերի գովազդը։ Արդյունքում՝ խաղամոլությունը թափ ստացավ համացանցում․ մեկ տարի անց պարզվեց՝ համացանցով կատարված խաղադրույքները՝ 2018-ի համեմատ, ավելացել են 6 անգամ։ Եթե 2018-ին ամսական միջինը մոտ 18 հազար հայաստանցի էր ինտերնետում խաղում, ապա հիմա ամեն ամիս 40 հազարից ավելի մարդ խաղադրույք է անում ինտերնետ շահումով խաղերում։ Նրանց գերակշռող մասը ունեցածը տանուլ է տալիս։
Այս պահին խորհրդարանում շրջանառվում է նոր օրինագիծ, որով շահումով խաղերի ու խաղատների գովազդը պետք է ամբողջությամբ արգելվի, այդ թվում՝ համացանցում։ Օրինազանցներին սպառնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, ասում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Ընդ որում, պատգամավորը պնդում է, թե այս դրույթները տարածվելու են նաև Հայաստանում բացվող օտարալեզու կայքերի վրա. «Որևէ կազմակերպություն, որը am տիրույթում, ենթադրենք, չի կարող գովազդ տեղադրել, որոշում է գովազդը տեղադրի որևէ, ենթադրենք, com տիրույթում, որը հայկական շուկայում ներկայանում է և գովազդ է տրվում, այդ կազմակերպությունը, որը Հայաստանում գործում է, արդեն խախտում է այս օրենքը, հետևաբար նույնն է, եթե am-ում տեղադրեր»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։