Ժուռնալիստների միությունը վերջին տարիներին լծված է եղել տարածքի բազմափուլ «ռեմոնտի» աշխատանքներին, իսկ գործունեության ֆինանսական հաշվետվությունը հրապարակել է օրենքի խախտմամբ
«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ ՀԿ-ները օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ներկայացնում են տարեկան հաշվետվություններ։ Կազմակերպությունների կողմից հաշվետվությունները հրապարակվում են ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:Հիշյալ կայքում Հայաստանի ժուռնալիստների միության անցած տարիների գործունեությանը  վերաբերող որևէ հաշվետվություն, որքան էլ փնտրեցինք, չգտանք, ուստի որոշեցինք պաշտոնական հարցում ուղարկել Միությանը՝ պարզելու, թե ինչն է պատճառը, որ օրենքով սահմանված կարգով չեն հրապարակվել խնդրո առարկա հաշվետվությունները: Հարցման մեջ Civic.am-ը խնդրել էր տրամադրել ՀԺՄ-ի մասնավորապես  2017,  2018,  2019,  2020,  2021 թվականների գործունեության մասին հաշվետվությունները։  Նաև հայտնել, թե  ՀԺՄ-ն  իրեն  պատկանող (իրավաբանական գործունեության համար նախատեսված)  տարածքի ո՞ր մասն է հանձնել վարձակալության, ի՞նչ գնով, ինչպե՞ս են ծախսվել վարձակալության դիմաց ստացված ֆինանսական միջոցները։  ՀԺՄ-ին խնդրել էիք իրազեկել, թե հիշյալ կազմակերպությունը 2017 թվականից՝ Սաթիկ Սեյրանյանի՝ Միության նախագահ ընտրվելուց հետո,  մինչ օրս քանի՞ իրավաբանական անձի հետ ունի դատական վեճ, դրանցից քանի՞սն է լուծվել և ի՞նչ ելքով։ Հնարավորության դեպքում խնդրել էինք տրամադրել դատական վճիռների քաղվածքները։  Եվ վերջապես՝ ՀԺՄ-ին խնդրել էինք հայտնել, թե քանի՞ անդամ ուներ կազմակերպությունը մինչև 2017թ.-ը և քանի անդամ ունի 2022 թվականի հունվարի 31-ի դրությամբ։ Հարցումն ուղարկել էինք Միության պաշտոնական փոստին, հարցման մասին լրացուցիչ իրազեկել էինք նաև Միության ֆեյսբուքյան էջին՝ հաղորդագրություն ուղարկելով։ Մինչ այս պահը, սակայն, մեր հարցումն անպատասխան է, Միությունից չեն հաճել  պարզաբանել՝ ինչն է հարցման պատասխանի ուշացման պատճառը։ 

Նկատենք, որ հարցումն ուղարկելու հաջորդ օրը ՀԺՄ  կայքում զետեղվել է «Ֆինանսական հաշվետվություն»  վերտառությամբ մի փաստաթուղթ,  որի բովանդակությունից դատելով ՀԿ-ն՝ ի դեմս Սաթիկ Սեյրանյանի, այս ընթացքում  լծված է եղել Միության շենքի «ռեմոնտի» աշխատանքներին՝ պատերի ամրացումից մինչև կոյուղու խողովակաշարի վերանորոգում, հատակի կովրոլինապատում,  Միության նախագահի սենյակներում (փաստորեն, ՀԺՄ նախագահի  սենյակները մեկից ավելի են)  «կաֆել-մետլախ»-ի խփում, սանտեխնիկայի  տեղադրում և կահավորում։  Ըստ այդմ.  ««Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ-ն 2018թ.-ին սեփական միջոցներով և «Էվոկաբանկից» ներգրավելով 8 մլն դրամ վարկային միջոցներ՝ կատարել է վերանորոգման աշխատանքներ: Խորհրդակցելով ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ, տեղում ծանոթանալով խնդրին՝ վերանորոգման առաջին փուլով կատարվել են շենքի ճակատային մասի քանդման և երկկողմանի շարման, ներսի պատերի ամրացման, հաստացման, շինարարական աշխատանքներ: Հարթ տանիքից անձրևաջրերի և հալոցքների հեռացման նպատակով Հայաստանի ժուռնալիստների միության և համատիրության համատեղ ուժերով շենքի տանիքը պատվել է ջրամեկուսացումը ամուր, չքայքայվող, չկլանող և անջրաթափանց նյութերով՝ կանխելով անձրևաջրերի հոսքը, շենքի խոնավեցումը: Վերանորոգվել են ՀԺՄ շենքի կոյուղու խողովակաշարերի մի մասը:  Վերանորոգվել են շենքի ողջ հարկաբաժնի էլեկտրաէներգիայի հոսքագծերը: Կատարվել են ՀԺՄ նախագահի աշխատասենյակի սալիկապատման և սանտեխնիկայի տեղադրման աշխատանքները»:  Վերոնշյալ վերանորոգման աշխատանքների համախառն գումարը կազմել է 6.263.840 (վեց միլիոն երկու հարյուր վաթսուներեք հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ»:

Վերանորոգման աշխատանքները, պարզվում է, մեկ փուլով չեն ավարտվել, իրականացվել են նաև երկրորդ փուլի աշխատանքներ, որոնք ներառել են միջանցքի հատակի քանդում և սալիկապատում, ՀԺՄ շենքի հոսանքի լարերի նորոգում, ջեռուցման ամբողջական համակարգի տեղադրման աշխատանքներ, հատակի կովրոլիտապատոում, միջանցքի դռների տեղադրում։ Երկրորդ փուլի նորոգման  աշխատանքների  համախառն գումարը կազմել է 4.681.668 (չորս միլիոն վեց հարյուր ութսունմեկ հազար վեց հարյուր վաթսունութ) ՀՀ դրամ:
Երրորդ փուլում էլ տեղադրվել են Միության շենքի երկու կողմից երկրորդ հարկի պատուհանները, որոնց վրա ծախսված  համախառն գումարը կազմել է 6.209.885 (վեց միլիոն երկու հարյուր ինը հազար ութ հարյուր ութսունհինգ) ՀՀ դրամ:  «Եռափուլ ռեմոնտի» վրա Միությունը ծախսել է  17 միլին 155 հազար  393 ՀՀ դրամ:

Վերանորոգման աշխատանքները, սակայն, այսքանով չեն եզրափակվել։ Ըստ հաշվետվության.  «2019թ. «Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ-ի կողմից կատարվել է վերանորոգում և կահավորում միության երեք սենյակների, որի համախառն գումարը կազմել է 1.561.686 (մեկ միլիոն հինգ հարյուր վաթսունմեկ հազար վեց հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ, միության նախագահի սենյակների կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, որի համախառն գումարը կազմել է 1.166.990 (մեկ միլիոն մեկ հարյուր վաթսունվեց հազար ինը հարյուր իննսուն) ՀՀ դրամ  և ինտերնետ ցանցի տեղադրում՝ 1.522.341 (մեկ միլիոն հինգ հարյուր քսաներկու հազար երեք հարյուր քառասունմեկ) ՀՀ դրամ:

2019թ. «Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ-ի կողմից ձեռք է բերվել տպիչ 417.600 ՀՀ դրամ  արժեքով»:

Հաշվետվության մեջ նշված է նաև ՀԺՄ-ի ստացած դրամաշնորհների մասին, սակայն թե որտեղից են ստացվել, աղբյուրը նշված չէ։ 2019 թ.-ին Սեյրանյանի ղեկավարած կազմակերպությունը ստացել է  2.060. 831 ՀՀ դրամ դրամաշնորհ, 2020 թ.-ին՝  2.046.038 ՀՀ դրամ։ 
 
ՀԺՄ-ն անցած երեք-չորս տարիներին  վերանորոգման, կահավորման աշխատանքների մեջ,  այսպես ասած, թաթախված լինելուց բացի, զբաղվել է նաև բարեգործությամբ՝ օգնություն ու կրթաթոշակ է տվել։ Մասնավորապես՝ 2020թ. Արցախի Հանրապետության «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ-ին տրվել է օգնություն՝ 270.000 ՀՀ դրամ,  2019-ին էլ  «ՄԵԴԻԱ ԻԴԵԱ» ՍՊԸ-ին տրվել է 50.000 ՀՀ դրամ: Իսկ ահա ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին  կրթաթոշակ է տրվել՝ 2018թ.-ին՝ 380.000 դրամ, 2019-ին՝ 360.000 դրամ, 2020-ին՝ 360.000 դրամ,  2021-ին՝ 315.000 դրամ։ Նշենք, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ՀԺՄ վարչության անդամ է։  

ՀԺՄ-ն 2020 թ.-ի փետրվարի 19-ին միջոցառում է կազմակերպել  «ԱԼ ՊԱՌԿՈ ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՍՊԸ-ում, որի համար ծախսել է 25.000 դրամ։ 2021 թ. սեպտեմբերի 6-ին  էլ նույն ՍՊԸ-ում մեկ այլ միջոցառում է կազմակերպել՝ ծախսելով  50.000 դրամ։ 

Անցյալ տարի Միությունը  միջազգային անդամատոմսեր է տրամադրել թվով  12 լրագրողի՝ վճարելով  235.791 դրամ։ 

ՀԺՄ-ի եկամտի աղբյուրները, դատելով խնդրո առարկա հաշվետվությունից, գոյացել են անդամավճարներից, վարձավճարներից, վարկերից, դրամաշնորհներից, աջակցությունից։  2018-ին Միության անդամավճարներից գոյացած եկամուտը կազմել է 402, 300 դրամ, 2019-ին՝ 276,000 դրամ,  2020-ին՝ 98 ,000 դրամ, 2021-ին՝ 462,000 դրամ։ Վարձավճարներից, որոնց աղբյուրը նույնպես նշված չէ, գոյացած եկամուտները տպավորիչ են. 2018-ին՝ 27 միլիոն  960 հազար 615 հազար դրամ, 2019-ին՝ 24 միլիոն 377 հազար 611 դրամ, 2020-ին՝ 21 միլիոն  595 հազար  355 դրամ, 2021-ին՝ 20 միլիոն  568 հազար  952 դրամ։ Միության ստացած դրամաշնորհների մասին արդեն նշեցինք քիչ վերը։  2018-ին 1 միլիոն 500 հազար դրամի աջակցություն է ստացել Միությունը, սակայն թե որտեղից՝ հայտնի չէ, ինչպես դրամաշնորհների ու վարձավճարների  դեպքում, աջակցության ստացման աղբյուրը ևս նշված չէ։ ՀԺՄ ծախսերի մասին տեղեկանքից էլ մասնավորապես պարզ է դառնում, որ Միությունը 2018-ին 8 միլիոն 29 հազար 600 դրամ աշխատավարձ է վճարել,  2019-ին՝ 9 միլիոն 578 հազար 113 դրամ, 2020-ին՝ 11  միլիոն 46 հազար 260 դրամ, 2021-ին՝ 8 միլիոն 691 հազար 981 դրամ։  (Այլ ծախսերի մասին՝ ստորև զետեղված տեղեկանքում)։  

Թե քանի աշխատակից ունի ՀԺՄ-ն, ինչ պաշտոններ են զբաղեցնում, ինչ առաքելություն իրականացնում  ու որքան աշխատավարձի դիմաց՝  հայտնի չէ։

Նկատենք, որ ՀԺՄ հիշյալ  հաշվետվությունը ներկայացված է օրենքի պահանջների  խախտմամբ։  Ըստ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի՝  եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները), ապա Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը:  Կազմակերպության հաշվետվությունը ներառում է իրականացրած ծրագրերի անվանումներն ու վայրերը,  տարեկան մուտքերի (դրամական և գույքային) ընդհանուր գումարը և ստացման աղբյուրը,  դրամական միջոցների և այլ գույքի օգտագործման, կանոնադրական նպատակներին ուղղված ծախսերը,  իրականացրած ծրագրերի արդյունքների մասին տեղեկատվություն, անդամների, ինչպես նաև կամավորների թիվը (հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ), այդ թվում՝ նշում Կազմակերպության միջոցներից հաշվետու տարվա ընթացքում օգտվելու մասին,  Ժողովի և կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերի քանակը, կազմակերպության գտնվելու վայրը:
 
Այն Կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուր չեն հանդիսացել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրային միջոցները, իրավունք ունեն Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակելու ինչպես սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունը, այնպես էլ իր գործունեության ցանկացած արդյունքի վերաբերյալ տեղեկություններ կամ նյութեր։ 

Նույն օրենքի մեկ այլ՝ 26-րդ հոդվածն էլ սահմանում է, որ եթե Կազմակերպությունը հաշվետու տարվա ընթացքում հանրային միջոցներից ֆինանսավորվել է հինգ միլիոն և ավելի ՀՀ  դրամի չափով, ապա օրենքով սահմանված կարգով պետական մարմիններ ներկայացված նրա տարեկան ֆինանսական հաշվետվությունները ոչ ուշ, քան հաջորդող տարվա մայիսի 15-ը հանրային միջոցներից ֆինանսավորման մասով ենթակա են պարտադիր աուդիտի՝ Կազմակերպության ժողովի ընտրած անկախ աուդիտորի կողմից:Անկախ աուդիտորի եզրակացությունը կցվում է սույն օրենքով սահմանված հաշվետվությանը:

Նկատենք, որ աուդիտորի որևէ եզրակացություն, որը կփաստեր ՀԺՄ գործունեության անցած չորս տարիների  ֆինանսական միջոցների ստացման, ծախսման արժանահավատության մասին, կցված չէ հաշվետվությանը, ինչն իր հերթին հրապարակվել է օրենքի խախտմամբ՝ ոչ թե օրենքով նախատեսված կայքում՝ azdarar.am-ում, այլ  ՀԺՄ կայքում։ 

Հեղինե Մանուկյան