Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում Գիտությունների ազգային ակադեմիայի նուրբ օրգանական քիմիայի աշխատակիցները։ Պատճառը Ազատության 26/1 հասցեում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումն է։ Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրականում ոչ թե համալիր, այլ բազմաբնակարանային մի քանի շենք է կառուցվում, որի տեղում նախկինում ջրավազան է եղել և պահանջում էին չթույլատրել տարածքում շինարարություն իրականացնել։ Ակցիայի մասնակիցները նշում էին նաև, որ պատրաստ են վերականգնել ջրավազանը։ Տարածքը, ըստ ակցիայի մասնակիցների, 2006 թվականին հանձնվել է համայնքին, ապա այն վաճառվել տարբեր սեփականատերերի։ Ներկայիս սեփականատերերն էլ ցանկանում են բարձրահարկ երկու շենք կառուցել։ Բացի էկոհամակարգի խախտումից, դա կարող է այլ ռիսկեր ևս պարունակել։ Մասնավորապես, հարևանությամբ գտնվող, Ակադեմիային պատկանող շենքերում կան սարքավորումներ, որոնք շատ զգայուն են ցնցումների և փոշու նկատմամբ և կարող են խափանվել։
Կառավարությունից սպասելիքներն այն են, որ գործադիրը կա՛մ չթույլատրի շինարարություն իրականացնել, կա՛մ հետ գնի սեփականատիրոջից տարածքը և չտրվի կառուցապատողի սպառնալիքներին՝ արբիտրաժ դիմելու հետ կապված։