Թումանյանի ստեղծագործությունների հիմքով գրված նոր երգեր կլինեն, թանգարանը համագործակցում է ժամանակակից կոմպոզիտորների հետ. Անի Եղիազարյան․ տեսանյութ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Մեծն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի երկերը ոչ միայն անցյալում, այլև հիմա էլ գայթակղում են հայ կոմպոզիտորներին՝ երաժշտական ստեղծագործություններ կյանքի կոչելու համար։
«Մեր օրերում ևս մենք հանդիպում ենք երաժիշտ-կատարողների, որոնք շարունակում են ստեղծագործել։ Դա մեզ համար չափազանց ոգևորիչ և ուրախալի փաստ է։ Այս տարի Հովհաննես Թումանյանի թանգարանը հայտարարել է «Թումանյանը՝ երաժշտության մեջ» մեծ խորագիր, համագործակցության քննարկումներ ենք ունեցել ժամանակակից կոմպոզիտորների հետ և վստահաբար տարեվերջին կունենանք եթե ոչ՝ մի քանի, ապա մեկ նոր երգի պրեմիերա»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը։
«Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է տալիս նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միմիայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն»,- այսպես է արտահայտվել մեծն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը՝ խոսելով երաժշտությունից։
Անի Եղիազարյանը, խոսելով երաժշտասեր Թումանյանի մանկությունից, պատմեց, որ մեծն լոռեցու հայրը՝ տեր Թադևոսը, գյուղի քահանան էր, և Թումանյանը վաղ տարիքից շատ լավ տիրապետել է շարականներին։ Նրանց տանը հավաքույթների ժամանակ մշտապես հնչել են նաև արևելյան մեղեդիներ։
«Թումանյանի համար հայ երգարվեստի գանձարանում առանձնահատուկ տեղ են ունեցել Սայաթ-Նովան և նրա երգն ու երաժշտությունը։ Թումանյանը հատկապես սիրում էր Սաշա Օգանեզաշվիլիի կատարումները, և պատահական չէ, որ Թբիլիսիում Թումանյանը վարդատոն հայտարարեց՝ նվիրված Սայաթ-Նովային, աշուղների հրավերք էր կատարել, տոնախմբություն էր, և Սաշա Օգանեզաշվիլին կենտրոնական կերպարն էր այդ օրերին՝ հնչեցնելու Սայաթ-Նովա»,- նշեց Անի Եղիազարյանը։
Նարա Մարտիրոսյան
Մանրամասն՝ տեսանյութում: