«Հայաստան» դաշինքը ՀՌՀ անդամի թեկնածու է առաջադրել ատելության խոսք, անեծք և վիրավորանք գրող անձին. Նա փոխնախագահն է մի ՀԿ-ի, որը միլիոններ է ստացել ԶՄՊԿ-ից. լուսանկարներ
Հայտնի է, որ ԱԺ  «Հայաստան» խմբակցությունը մտադիր է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամի թեկնածու առաջադրել  PARA TV-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանին: Այս մասին լուրը հաստատել է հիշյալ խմբակցության  պատգամավոր Ագնեսա Խամոյանը: PARA TV-ն, հիշեցնենք, պատկանում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ  Վահե Հակոբյանի կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին։  

Ա. Նալբանդյանը, հիշեցնենք, որպես պատգամավորի թեկնածու  առաջադրվել էր վերոհիշյալ դաշինքի ցուցակում։ Դաշինքի պաշտոնական կայքում զետեղված կենսագրական տեղեկանքից  հայտնի է դառնում, որ տիկին Նալբանդյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 24-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 2008թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետը՝ լեզվաբան-երկրագետի մասնագիտացմամբ, իսկ 2010թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ եվրոպագիտության մագիստրոսի աստիճանով: 2010-2013թթ. աշխատել է «Արմենիա» ԹՎ հեռուստաընկերության կոմերցիոն բաժնում՝ որպես գովազդային մասնագետ: 2013-2014թթ. զբաղեցրել է «ՊանԱրմենիա Մեդիա Գրուպ» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարի պաշտոնը: 2014-2015թթ. եղել է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի գլխավոր պրոդյուսերը: 2015-2021թթ. եղել է «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ աշխատակազմի ղեկավարն ու PARA TV-ի գլխավոր պրոդյուսերը: Այժմ զբաղեցնում է «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ի փոխնախագահի պաշտոնը: 

Նկատենք, որ Հանրային դիվանագիտություն ՀԿ-ն, որի նախագահն է  Էլիզաբեթ Պետրոսյանը, ՀՀ արդբյունաբերական հսկայից՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից, խոշոր նվիրատվություն է ստացել, մասնավորապես  2017-ին՝ 435 000 000 դրամ, 2016-ին՝ 410 000 000 դրամ։ Նկատենք, որ այս նվիրատվությունն ստանալու շրջանում Վահե Հակոբյանն աշխատում էր հիշյալ ՓԲԸ-ում. վերջինս մասնավորապես 2014-2016թթ. եղել է  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ադմինիստրատիվ տնօրեն, 2016թ.՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ,  2016- 2018թթ.  եղել է Սյունիքի մարզպետ,  2018-2021թթ.՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամ:  

Ի դեպ, այս ՀԿ-ն ֆինանսական միջոցներ է ստացել նաև Վահե Հակոբյանի մարզպետության օրոք հիմնադրված  «Սյունիքի զարգացման և ներդրման» պետական հիմնադրամից։ Մամուլում գրվեց, որ այս հիմնադրամը, որի փոխնախագահը հավակնում է դառնալ ՀՌՀ անդամ,  ժամանակին  ստանձնել էր  Ամուլսարի շահագործման դեմ իրականացվող մեդիաարշավը։ 
 
ՀՌՀ անդամի թեկնածու է առաջադրվել ատելության խոսք, անեծք և վիրավորանք գրող անձը   

Նկատենք, որ ՀՌՀ  անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, որը լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, տնտեսության, կառավարման, ճարտարագիտության, մշակույթի, արվեստի և իրավագիտության ոլորտներում փորձառություն ունեցող և զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ է։  Անժելա Նալբանդյանի հեղինակավոր մասնագետ լինել-չլինելու հարցի քննությունը  թողնելով  ԱԺ համապատասխան հանձնաժողովին՝ անդրադառնանք Նալբանդյանի՝ հանրային հարթակում հնչեցրած խոսքի  ոճին և որակին։

Ուսումնասիրելով  վերջինիս  ֆեյսբուքյան էջը՝ ակնհայտ է դառնում,  որ նա ունի ընդգծված հակաիշխանական կեցվածք և քանիցս  հանդես է եկել  ատելության խոսք, գռեհկաբանություն,  վիրավորանք պարունակող գրառումներով։ Մասնավորապես, 2020 թ. դեկտեմբերի 5-ին Նալբանդյանն այսպիսի գրառում է արել. «Հա բայց կարո՞ղ ա էդ իշխանությունը զոռով տվեցին ձեռքդ: Եկար, հետույքդ ճղեցիր, թե բա չէ որ չէ, կամ ես պիտի լինեմ, կամ ոչ ոք: Հիմա էլ, թե նենց ժառանգություն էր մնացել, որ սենց պիտի լիներ: Դո՞ւ չէիր էդ ժառանգության ունքերից կախվել, այ քեզ բան: Անդաստիարակ կերպար դուրս եկար, տո, յախք»։  

Նկատենք, որ Նալբանդյանի՝ հանրային խոսքում ատելությունն ու  վիրավորանքը ընդգծված են դարձել հատկապես նախորդ տարի տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում և մասնավորապես այն բանից հետո, երբ վերջինս  առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու։ Նա հավանաբար առաջնորդվել է այն սկզբունքով, որ որքան կոշտ ու գռեհիկ բառապաշարով քննադատի իշխանությանը, այնքան մեծ է իրեն առաջադրած դաշինքի ընտրվելու հավանականությունը։ 

2021 թ. ապրիլի 8-ին նա այսպիսի գրառում է արել. «44 օր պատերազմում ստող, պարտությունը հաղթանակ ներկայացնող, զոհերի, վիրավորների, գերիների, անհետ կորածների հստակ թվեր չներկայացնող, Արցախը թուրքին տվող, Հայաստանի տարածքները թշնամուն նվիրող, բայց էդ փաստը անամոթաբար հերքող դավաճան, անհոգի, անսիրտ, ստախոս, պադոշ իշխանությունից ի՞նչ էիք սպասում: Ձեր պատիժը սատանան ա տալու, ոչ թե Աստված»։ Օգտատերերից մեկն արձագանքել է՝ «Անասուն են»։ «Շատ մեղմ որակավորում ա»,- իր հերթին այսպես է արձագանքել գրառման հեղինակը հիշյալ մեկնաբանությանը։ 


2021 թ. ապրիլի 14-ին Նալբանդյանը զետեղել է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչած  ելույթի տեսագրությունը, որում նա խոսում է ՀՀ-ի՝ ապագա ունենալու մասին, կից   գրելով.  «Սատկի»։

   
2021 թ. ապրիլի 15-ին ահա թե ինչ է գրել.  «Ես երեկվանից վայելում եմ նիկոլին ու ուսապարկերին նվիրված քոմենթները: Դրանք ամենուր են՝ լրատվականների նյութերի տակ, իրենց կուսակցության էջում, անգամ նիկոլի էջում... Ու դա էն պարագայում, երբ ես ու ինձ հետ համակարծիք շատ մարդիկ իրենց էջերում քոմենթ գրելու հնարավորությունից զրկված ենք»: 


Մեկ այլ գրառման մեջ էլ,  նշելով Նիկոլ Փաշինյանի էջը, ՀՌՀ անդամի թեկնածուն գրել է. «Վերջդ եկել ա. քեզ ծափահարող մնացել են միայն ուսապարկերդ, մնացած ԺՈՂՈՎՈՒՐԴԸ թքում ա երեսիդ»:         


2021 թ. մայիսի 20-ին էլ  ահա թե ինչ է գրել. «նիկոլ փաշինյան & CO, ինձ ուղղակի մի 2 հարց է հետաքրքիր. որ դուք ինքներդ ձեզ հետ մենակ եք մնում, գոնե մտածո՞ւմ եք, թե ինչ տեսակ անմարդկային արարածներ եք դուք ու ինչ վիճակի հասցրիք պետությունն ու ժողովրդին: Դուք գոնե ինքներդ ձեզ խոստովանո՞ւմ եք, թե ինչ ոչնչություն եք: Դուք 2 դրդապատճառ կարող էիք ունենալ՝ մեր երկիրն էս տեսակ ավիրելու համար՝ փառամոլությունն ու տգիտությունը: 2-ն էլ կործանարար են: Փլատակների վրա թագավորելուց ձեր հոգիները փառավորվո՞ւմ է: Հեռացեք, որ ապրենք: Միևնույն է, էլ բան չեք թողել քանդելու, ավիրելու: Ձեր առաքելությունն ավարտված է:

 
2021 թ. հունիսի 20-ին էլ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը, տիկին Նալբանդյանը գրել է.  «Ձեր կազմակերպած ընտրությունները ձեր պահած երկրի նման ա: Ուղղակի ՅԱԽՔ»։ 


Նշենք, որ Վահե Հակոբյանի տիկնոջը պատկանող  լրատվամիջոցի մասին ժամանակին ուշագրավ հրապարակում էր տպագրել լրատվականներից մեկը, որում մասնավորապես ասված էր. «PARA TV-ի աշխատակիցները նաև պատմում են, որ Էլիզաբեթը տարբեր մեթոդներով՝ մեկին աշխատանքից ազատելու, մյուսին աշխատավարձը կրճատելու պատրվակով, ստիպում է մեկնաբանություններ գրել ու փնովել իրենց սուտը հերքողին։ Այդ աշխատակիցների թվում են, օրինակ, PARA TV-ի պրոդյուսերը՝ Անժելա Նալբանդյանը, ու խմբագիրն անգամ, որոնք ֆեյքերի ու Վահեի ընտանիքի անդամների հետ հավասար մասնակցում են մեդիատեռորին ու ստերը հերքողներին վիրավորելու գործին»։  

Ինչևէ։  Անեծք, ատելություն ու վիրավորանք գեներացնող տիկինն այժմ, փաստորեն, պետք է գա իր կողմից  «յախք»-ի արժանացած ընտրությունների միջոցով ձևավորված  խորհրդարան, կանգնի ամբիոնի առաջ և հայցի նաև այն խորհրդարանականների քվեն, որոնց անվանել է  «ուսապարկեր», «ոչնչություններ», «անմարդկային արարածներ», «պադոշներ»... Այնուհետ, եթե ընտրվի,  պետք է զսպի իր  քաղաքական համակրանքներն ու հակակրանքներն ու  աշխատի Սահմանադրությամբ անկախ մարմին համարվող Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում, մարմին,  որը մասնավորապես  ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկում է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը,  հրապարակային և մրցութային կարգով հատկացնում է եթերային հաճախություններ:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Հանձնաժողովի անդամներին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է ԱԺ-ն պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ վեց տարի ժամկետով:  ՀՌՀ-ն այս տարի ընտրել է երկու նոր անդամ Հակոբ Հակոբյան (Հակոբ Մովսես) և Արթուր Մանուկյան։ ՀՌՀ գործող կազմում են նաև Դավիթ Ամալյանը (2017-ից), Ռոլանդ Շառոյանը (2016-ից), Վլադիմիր Օհանյանը (2016-ից), Տիգրան Հակոբյանը (2016-ից)։ 

Հարկ է նշել, որ  ՀՌՀ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն:  

ՀՌՀ անդամի ընտրության հարցն ընդգրկված է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 22-ի նիստի օրակարգում։