ՌԴ-ն նախապայմաններ է առաջ քաշել. որ դեպքում կարող է պատերազմը դադարեցվել
Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցել այս երկրի չեզոք կարգավիճակի և իր տարածքում զենք տեղակայելուց հրաժարվելու շուրջ: Այս մասին լրագրողներին ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Интерфакс-ը:

«Նախագահը ձևակերպեց իր տեսլականը, թե ինչ ենք մենք ակնկալում Ուկրաինայից, որպեսզի լուծվեն հայեցակարգային «կարմիր գծային» խնդիրները: Դա չեզոք կարգավիճակն է և զենքի տեղակայումից հրաժարումը: Հարց է առաջանում՝ արդյո՞ք Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է դրան»,- պարզաբանեց նա։

Ճշտող հարցին՝ արդյոք Ռուսաստանը այժմ պատրա՞ստ է Ուկրաինայի ղեկավարության հետ այդ թեմայով խոսել, Պեսկովն ասել է. «Եթե Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է խոսել այդ մասին»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։