Պուտինը առցանց զեկույցներ է ստանում Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, լինելով երկրի գերագույն հրամանատարը, զինվորականներից առցանց զեկույցներ է ստանում Դոնբասի պաշտպանության հատուկ գործողության ընթացքի մասին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։

«Դուք գիտեք, որ Պուտինն է գերագույն գլխավոր հրամանատարը: Ինչպես հասկանում եք, գերագույն հրամանատարը հատուկ գործողությունների ընթացքում առցանց զեկույցներ է ստանում զինվորականներից»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ ի պատասխան հարցին, թե ինչ մակարդակով է Պուտինը համակարգում հատուկ գործողությունը։

Ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղարը ոչինչ չի ասել այն մասին, թե առաջիկայում կարող են արդյոք շփումներ տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև։

«Այժմ ես ոչինչ չեմ կարող ասել այդ մասին»,- պարզաբանել է Կրեմլի խոսնակը։

Նա նշել է՝ Ռուսաստանը ընդունում է, որ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահն է։ Բացի այդ, Ռուսաստանը հակադարձելու է ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին, իսկ քայլերն ընտրելիս առաջնորդվելու է բացառապես սեփական շահերով։