Այսօր ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը լրագրողնրեի հետ ճեպազրույցում պատասխանեց այն հարցին՝ ի վերջո Օնիկ Գասպարյանը շարունակո՞ւմ է պաշտոնավարել, թե արդեն պետք է ազատ համարվի։
«Մի շաբաթ առաջ, երբ նոր էր սկսվել այս իրավիճակը, ես կանխատեսեցի, որ հայցի ապահովում պետք է կիրառվի ու կասեցվի այն իրավահարաբերությունը, որը սկսվել էր կառավարություն-վարչապետ-նախագահ համատեքստում, և եղավ այնպես ինչպես որ ասել էի», - նշեց նա։
Սիմոնյանի խոսքով՝ ներկայացվել է իրավահարաբերության բացակայության ճանաչման հայց և դատարանը գտել է, որ այդ համատեքստում պետք է հայցային ապահովում կիրառվի և, ըստ էության, կասեցվի այդ իրավահարաբերության ի հայտ գալը, ինչն էլ տեղի ունեցավ։
«Ըստ էության, մենք ունենք մի իրավական ակտ, ըստ որի՝ դատարանը վեճի կողմերին, տվյալ պարագայում՝ կառավարությանը և Օնիկ Գասպարյանի փաստաբանական թիմին, ասել է, որ կասեցրեք այն իրավահարաբերությունը, համաձայն որի՝ Օնիկ Գասպարյանը պետք է դուրս գա աշխատանքից, մինչ դատական ակտի վերջնական ուժի մեջ մտնելը։ Ահա այսպիսով էլ Օնիկ Գասպարյանը շարունակելու է իր պաշտոնավարությունը» ,- նշեց Սիմոնյանը։
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի սահմանադրության այն կետը, որը մեկնաբանվում է, թե վարչապետի աշխատակազմը շրջադարձի ուժ չունի և, որ Գասպարյանը իրավունքի ուժով է ազատված ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից՝ Սիմոնյանը պատասխանեց, որ դա մեկնաբանության հարց է։
«Խնդրում եմ, բացեք այդ հոդվածը և կարդացեք․ այնտեղ գրվա՞ծ է «իրավունքի ուժով կատարվող» որևէ բառակապակցություն։ Կա՞ այդպիսի բան գրված։ Մեկնաբանության հարց է, ես ունեմ մեկ այլ մեկնաբանություն, դուք ունեք մեկ այլ մեկնաբանություն։ Եթե վեճ է առաջանում, դիմում ենք դատարան, այն որպես վեճը լուծող մարմին, տալիս է իր որոշումը, իսկ դատարանը տվել է իր որոշումը», - պատասխանեց նա։
Պատգամավորը Սահմաանդրության մեջ խնդիր տեսնում է, քանի որ հստակ պարզորոշ գրված չէ՝ ինչ է տեղի ունենում, եթե այն իրավիճակն է առաջանում, որը ունենք այսօր։
«Սա սահամանադրության բաց է, որը տալիս է մեկնաբանողական լայն շրջանակ, որից օգտվում են բոլոր կողմերը։ Իրավական մեկնաբանություններով ես ավելի շատ հակվում եմ նրան, որ պետական մարմինները իրավունք ունեն կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար ուղղակիորեն լիազորված են օրենքով, իսկ տվյալ պարագայում ԳՇ պետին գործից հանելու հետ կապված ուղղակի լիազորությունը գրված չէ, երբ նման իրավիճակ ենք ունենում», - ասաց պատագամավորը։
Նիկոլ Փաշինյանի կողմից նոր ԳՇ պետի թեկնածու առաջադրելու և Գասպարյանի աշխատանքի ներկայանալու մասով Սիմոնյանը նշեց․ «Քանի որ իրավահարաբերության հետ կապված ունենք դատարանի որոշում, որում հստակ ասում է, որ կասեցնում է գործից ազատման պրոցեսը, հետևաբար այդ մարդը գործից ազատված չէ, իսկ, եթե գործից ազատված չէ, չի կարող իր տեղում նշանակվել մեկ այլ անձ։ Այսինքն՝ մնացած գործընթացներն էլ են կասեցվում՝ մինչ դատարանի վերջնական որոշումը»։
Սիմոնյանի կարծիքով, եթե տեսնում ենք, որ իրավական գործողություններով մենք անընդհատ ժամանակ ենք ձգում և խնդիրը չի լուծվում, ուրեմն կողմերից մեկը պետք է զիջման գնա։
«Մենք պետականության կարևորագույն ինստիտուտներից մեկի ղեկավարի հարց ենք քննարկում և այստեղ բացի իրավական լուծումները անհրաժեշտ է նաև կոնսենսուսային քաղաքականություն և խնդիրը չտանել այնպիսի դաշտ, որը ժամանակ է ձգում», - նշեց պատգամավորը։