Եվրամիությունը չի կարող բացառիկ միջոցներ կիրառել պատերազմական վիճակում գտնվող երկրի ԵՄ մուտք գործելու համար, ուրբաթ օրը՝ մարտի 11-ին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. գրում է
korrespondent.net-ը:«Մենք պետք է հարգանք և համերաշխություն դրսևորենք Ուկրաինայի ժողովրդի և առաջնորդների հետ: Ես կարող եմ հասկանալ հուզական արձագանքն ու սպասումները, որոնք առկա են: Կարո՞ղ ենք բացառիկ միջոցներ կիրառել մի երկրի նկատմամբ, որը պատերազմում է և որը եվրոպական չափանիշներին չի համապատասխանում։ Պատասխանը՝ ոչ», - ասել է Մակրոնը։
Իր հերթին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հիշեցրել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար երկրների համար կան հստակ չափանիշներ։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նույնպես մեկնաբանել է Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության դիմումի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ուզում եմ հիշեցնել, որ դիմումի ստացման օրվանից մինչև Խորհրդի կողմից Հանձնաժողովի պաշտոնական կարծիքը խնդրելու պահը շատ կարճ ժամանակ է անցել: Սովորաբար դա տարիներ է տևում: Ու սա ցույց է տալիս, որ Ուկրաինայի դեպքում կա այլ մոտեցում ու գործընթաց, բայց անդամակցության գործընթացն ինքնին կարևոր է, ու ինչպես ասաց Մակրոնը, կան պայմաններ, որոնք դուք պետք է կատարեք Եվրամիության մաս դառնալու համար», - ասել է նա։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի