Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կատարվում են շինարարական ակտիվ աշխատանքներ 2022 թ. մայիսի 21-31-ը կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ. տեղեկացնում են Պետգույքի կառավարման կոմիտեից:
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին տրամադրելու նպատակով՝ ՀՀ Կառավարության 2022 թ. փետրվարի 17-ի որոշմամբ դրամաշնորհի պայմանագրերի հիման վրա` Պետական գույքի կառավարման կոմիտեին հատկացվել է 310.768.300 դրամ, որը պետք է ուղղվի մարզահամերգային համալիրի նորոգման աշխատանքների իրականացմանը, մասնավորապես՝
շենքի ճակատային մասի վերանորոգում. համերգային և սպորտային դահլիճներին կից հանդերձարանների ու միջանցքի վերանորոգում. մարզահամերգային համալիրի կարողությունների զարգացում՝ միջոցառումների սպասարկումն ապահովելու նպատակով մոդուլային շարժական հատակի, լուսադիոդային ցուցատախտակի և վերելակների ձեռքբերման ծախսեր։
Բացի բռնցքամարտի առաջնությունից, այս տարի համալիրում կայանալու են նաև «Մանկական Եվրատեսիլը», գիտության և արվեստի STARMUS 6-րդ փառատոնը և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։