Բնապահպանական ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը, տնօրենի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խոջոյանը և Գրասենյակի ծրագրերի իրականացման և մոնիթորինգի և դոնորների հետ համագործակցության բաժինների աշխատակիցները աշխատանքային այցով մեկնել էին Տավուշի մարզ, որտեղ Հովքի Կանաչ ուսուցման կենտրոնում մասնակցեցին «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից EU4Youth SEED ծրագրի շրջանակներում Անտառների միջազգային օրվան նվիրված արշավի շրջանակներում կազմակերպված ծառատունկին։
Ծառատունկին մասնակցում էին Լոռու և Տավուշի մարզերի էկոակումբների մոտ 100 աշակերտ։ Աշակերտների հետ իրականացվեց նաև օգտակար բույսերի տնկման և ճիշտ խնամքին վերաբերող պրակտիկ ուսուցում։
Բնապահպանական ԾԻԳ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը ասաց, որ Գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերից մեկի շրջանակներում ստեղծվել են դաշտային դպրոցներ, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվող «Դիլիջան» ազգային պարկի հարակից համայնքների բնակչության համար խելացի գյուղատնտեսության, կանաչ տնտեսության ուսուցման դասընթացներ են։
Էկոակումբները ստեղծվել են երեխաների կարողությունները զարգացնելու, էկոկրթություն տալու համար։ Ծրագիրը ֆինանսավորվում է հարմարվողականության հիմնադրամի միջոցներով։
«Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Վերդյանը նշեց, որ ծրագիրն աջակցություն է ստացել Եվրոպական միության կողմից «Սիիթ» ծրագրի շրջանակներում, որին մասնակցում է նաև Բնապահպանական ԾԻԳ պետական հիմնարկը, իսկ տնկիները տրամադրել է «Արմինիան թրի փրոյեքթը»։
Կանաչ ուսուցման կենտրոնը, որտեղ իրականացվեց ծառատունկը, Կանաչ արահետին կից կենտրոն է, որտեղ իրականացվում են տարբեր դասընթացներ։
Մարգահովիտ համայնքի էկոակումբի մասնակից 16-ամյա Լիանա Խառատյանը ներկայացրեց, թե ինչ է տալիս իրենց ակումբը, և ինչպես է որոշել մասնակցել ծրագրին։
Աշակերտները համայնքների հետ քննարկում են նաև իրենց համայնքների էկոլոգիական խնդիրները և ակտիվորեն մասնակցում են այդ թեմայով համայնքային քննարկումներին։ Լիանան ասաց, որ իրենց համայնքի հիմնական խնդիրը աղբահանությունն է։
Դիլիջանից Արման Սահակյանի կարծիքով ևս՝ իրենց համայնքի հիմնական խնդիրներից մեկը աղբահանությունն է, առաջարկը՝ միանալ էկոակումբին, ստացել է ուսուցչից։
Նույն օրը Բնապահպանական ԾԻԳ-ի ծրագրերի իրականացման և մոնիթորինգի և դոնորների հետ համագործակցության բաժինների աշխատակիցները «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի փորձագետ Կարեն Մանուկյանի և ծրագրի բնապահպանական ռիսկերի կառավարման մասնագետ Սոնա Գալստյանի հետ աշխատանքային այց ունեցան Դիլիջան խոշորացված համայնքի Խաչարձան վարչական շրջան՝ ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները դիտարկելու նպատակով։
Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Նպատակն է նվազեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Դիլիջան» ազգային պարկին հարակից տեղական համայնքների կլիմայի ռիսկի խոցելիությունը, ամրապնդել գյուղատնտեսական և ինստիտուցիոնալ պլանավորման կարողությունները կլիմայի փոփոխության պայմաններում՝ բարձրացնելով հարմարվողականության մակարդակը:
Ծրագիրը մեկնարկել է 2019թ.-ի սեպտեմբերի 26-ին և տևելու է 4 տարի:
Ծրագրի շահառու համայնքներն են՝ Տավուշի մարզի Դիլիջան (Դիլիջան, Աղավնավանք, Գոշ, Խաչարձան, Հաղարծին և Թեղուտ), Արարատի մարզի Վեդի (Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ) խոշորացված և Լոռու մարզի Մարգահովիտ և Ֆիոլետովո համայնքները:
Այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև հանդիպում վարչական շրջանի ղեկավար Գագիկ Շահնազարյանի հետ, որի ընթացքում ընդգծվեցին առկա խնդիրները և քննարկվեցին դրանց լուծման ուղիները։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան