«Ճիշտ ա՝ ոտքս հարյուր տոկոսով չեմ զգում, բայց կասեմ՝ 80 տոկոս»․ 8 զինծառայող առաջին անգամ քայլեց ոտքերի պրոթեզներով
Այսօր Հայրենիքի պաշտպանի վերկանգնողական կենտրոնում ստորին վերջույթների ամպուտացիա ունեցող և պրոթեզավորված 8 զինծառայող առաջին անգամ քայլեց ոտքերի պրոթեզներով։ Ծրագիրը կյանքի է կոչվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ։

3 պատերազմի մասնակից Գևորգ Իսոնցը վիրավորվել է սեպտմեբերի 30-ին։ Վիրահատումից և վերկանգնողական բուժումից հետո այսօր արդեն 4 օր է, ինչ պրոթեզավորվել է։ «Ճիշտ ա՝ ոտքս հարյուր տոկոսով չեմ զգում, բայց կասեմ՝ 80 տոկոս։ Կարծում եմ քիչ-քիչ արդեն ազատ կքայլեմ։ Արդեն 2 օր է, որ համարյա չեմ հանում պրոթեզը։ Պիտի անընդհատ օգտագործես, որ հարմարվես», - ասաց նա։

Գևորգը հույս ունի, որ այլևս պատերազմ չի լինի, սակայն անհրաժեշտության դեպքում, պատրաստ է նորից կռվել՝ իր տունը  պաշտպանելու համար։  «Չեմ ընկճվում ոչ մի բանից։ Ընկճվեցի այն ժամանակ, երբ որդիս ամսի 27-ին վիրավորվեց, նրան էլ աջ ոտքը չկա։ Բայց հիմա նա էլ պրոթեզավորված է ու քայլում է։ Միակ հպարտությունս ա, իրանով եմ առաջ գնում»։

Կենտրոնում այս տարի բացվել է նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա, որը համալրված է «ottobock» գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզներով։ Հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթը յուրաքանչյուր հայ զինվորի հետ անհատական աշխատանք է տանում։

Հայրենիքի պաշտպանի վերկանգնողական կենտրոնի գլխավոր բժիշկ Լուսինե Պողոսյանը պատմեց, որ երիտասարդներն անցել են նախապրոթեզավորման փուլ, նախապատրաստվել են, և սա արդեն երկրորդ՝ պրոթեզավորման փուլն է։ Ըստ նրա՝ շատ կարևոր է երիտասարդների հետ ոչ միայն ֆիզիկական, այլև հոգաբանական աշխատանք տանելը։

«Շատ կարևոր է ճիշտ փուլերով անցնել համապատասխան էտապներ, որպեսզի հոգեբաններն էլ օգնեն և զինվորները կարողանան ընդունել իրավիճակը, ընդունել արհեստական ոտքը՝ որպես բնական։ Իհարկե, չի փոխարինի, բայց իրենց կյանքի որակը չի ընկնում դրանից և այդ ընտելացման փուլը շատ ճիշտ և գրագետ պետք է տանել՝  նաև հոգեբանորեն»,- ասաց նա։

Բժշկի խոսքով՝ երիտասարդներն ապահովվում են մեխանիկական ամենաբարձր որակի պրոթեզներով։ Պրոթեզավորումն ու վերկանգնողական բուժումը իրականացվում են միասնական, և սա նպաստելու է նրանց արագ բնականոն կյանք վերադարձին։

Հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթը այս ընթացքում կատարված աշխատանքը դրական է գնահատում և հույս հայտնում, որ ապագայում էլ կշարունակվի երիտասարդ զինծառայողների պրոթեզավորման ծրագիրը։

Սյուզի Սիրականյան