Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Հարավային Ավստրալիա նահանգի՝ Արցախի Հանրապետությունը ճանաչող բանաձևի ընդունումը
Արցախի ԱԳՆ-ն այսօր անդրադարձել է Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչող և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունմանը։

«Շարունակվում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը՝ օտարերկրյա տարբեր պետությունների վարչատարածքային միավորների մակարդակով։ Այս գործընթացում վերջին ձեռքբերումն էր Հարավային Ավստրալիա նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչող և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունումը։
Կարևորում ենք, որ բանաձևում դատապարտվում են 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական զինված ագրեսիան, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների շարունակվող հայատյացության քաղաքականությունն ու Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը, ինչպես նաև կոչ է արվում Ավստրալիայի դաշնային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- ասվում է Արցախի Հանրապետության Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։