Ռոբերտ Քոչարյանը որոշել է արտահերթ ընտրություններին մասնակցել դաշինքով
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը:

Այս մասին նա հայտարարել է ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդաշարին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«10 տարի ես ղեկավարել եմ երկիրը, սակայն անկուսակցական եմ։ Կմասնակցեմ կուսակցությունների դաշինքով, ամենայն հավանականությամբ՝ կլինի երկու կուսակցություն»,- հայտարարել է նա։ Քոչարյանը, սակայն, չի պարզաբանել, թե կոնկրետ որ կուսակցությունները դաշինք կկազմեն՝ հունիսի 20-ին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Հիշեցնենք՝ մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և խորհրդարանական երեք խմբակցությունների ղեկավարների հետ քաղաքական խորհրդակցություններից հետո հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: