«Որևէ նոր բան չեն ասում մինչ այս պահը, մենք իրենց գործողություններում միայն դա ենք նկատել, նկատել ենք իշխանատենչություն։ Որևէ սրտացավություն, հոգատարություն պետության, հայրենիքի, ժողովրդի նկատմամբ չենք տեսնում»,- Civic.am-ի հետ զրույցում, խոսելով այն մասին, որ ընդդիմությունը անգամ պատերազմական վիճակում պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Խոսելով նաև ՌԴ-ի մասին՝ պատգամավորն ասաց, որ իր համար անհասկանալի է մեր դաշնակից, բարեկամ Ռուսաստանի վարքագիծը։
«Իհարկե, այս պահին ունենք որոշակի արձանագրումներ, բայց այն, որ Ռուսաստանը պետք է դրսևորեր այնպիսի վարքագիծ, ինչպես, օրինակ, Թուրքիան՝ Ադրբեջանի մասով, ես առնվազն ակնկալում էի և ակնկալում եմ, որ նման ձևակերպումներ Ռուսաստանը պետք է մեր մասով անի, բայց մենք դա չենք տեսնում»,- ասաց Ռուստամ Բաքոյանը։
Նա նշեց, որ ՀՀ-ն դիմել է և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին, և՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, և ՀՀ-ի ակնկալիքն այն է, որ իրենց լիազորությունների տիրությում գործողություններ, քայլեր ձեռնարկեն և պետք է ձեռնարկեն։
«Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ը շատ արագ պետք է արձագանքի, ՄԱԿ-ի ԱԽ-ից էլ ակնկալիքներ ունենք, բայց իմ սուբյեկտիվ մոտեցմամբ՝ ՀԱՊԿ-ը պետք է կոնկրետ գործողությունների գնա, քայլեր ձեռնարկի և պաշտպանի ՀՀ անվտանգությունը, և սահմանները չխախտվեն»,- ասաց Ռուստամ Բաքոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան