Արդարադատությունից արտերկում թաքնվող Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որն այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ և Հայաստանում քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի հարստացման և միլիարդավոր դրամի հարկեր թաքցնելու համար, բունկեր-խոհանոցում քաղաքական կոկտեյլ- շոուներ նկարահանելուց, իսկ վերջին ամիսներին Հայաստանում ցնցումներ առաջացնող մեդիատեռորի գործընթացը հովանավորելուց բացի, այժմ էլ որոշել է փրկել Հայաստանը։
Հայաստանից հեռացած օլիգարխը, որը Սերժ Սարգսանի փեսան է, ընդհատակում հարցազրույց է տվել «Արմնյուզին»՝ հայտարարելով․ «Իմ կյանքի նպատակը չէ Նիկոլ Փաշինյանին մտցնել բանտ, իմ կյանքի նպատակն է Հայաստանը փրկել»։
Մինասյանը նաև բացահայտել է, որ չի պատրաստվում ընտրությունների ժամանակ ինչ-որ մեկին սատարելու միջոցով իրականացնել իր վեհ ծրագիրը։ Հարցին՝ կարո՞ղ են ընտրությունները Փաշինյանին հեռացնելու առիթը լինել, Միքայել Մինասյանը պատասխանել է. «Ես հայտարարում եմ պաշտոնապես, որ ես երբեք այս ընտրությունների նախաշեմին չեմ սատարելու որեւէ ուժի՝ լինի դա իշխանամետ, իսկ դրանք շատ են, միայն «Իմ քայլը» չի, Նիկոլ Փաշինյանը իշխանամետ ընդդիմադիրների բանակ ունի, լինի՝ իրապես ընդդիմադիր: Իմ ոչ մի ընկեր, համախոհ չի լինելու ոչ ոքի ցուցակում, եթե նա ինչ-որ մեկի ցուցակում է, ապա նա ոչ իմ ընկերն է, բառի լայն իմաստով, ոչ իմ համախոհը»:
Հետախուզման մեջ գտնվող փրկիչը նաև շարունակել է․ «Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա ես դա անելու եմ իմ դեմքով, իմ ընկերների ու այն մարդկանց հետ, որոնց համար ես կրելու եմ ուղիղ պատասխանատվություն, եւ այո, ես հեռացնելու եմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից»։
Թերևս արժեր Մինասյանին հուշել, որ Հայաստանում գոյություն ունի ժողովուրդ, որը բացառիկ իրավունք ունի իշխանությունից հեռանցել ինչ-որ մեկին, ինչպես ժամանակին հեռացրեց իր աներոջը։
Պատկերացնելու համար, թե որքան ԱԹՍ-ների ու ժամանակակից զենքի գումար է Հայաստանից հափշտակել նորընծա «փրկիչը» և պատերազմում որքան կյանքեր հնարավոր կլիներ փրկել, եթե ինքն ու իր նմանները չթալանեին Հայաստանն ու Արցախը, թերևս արժե նայել՝ ինչ հափշտակության մասին է խոսքը․ այնքանով, որքանով դա արդեն բացահայտվել է։
Այսպես․ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ մուլտիմիլիոնատեր դարձած Մինասյանի դեմ հարուցված են գործեր ապօրինի հարստացման ու հարկեր թաքցնելու հոդվածներով: ՊԵԿ-ում հարուցված թիվ 83160718 քրեական գործը, որով մեղադրվում է Մինասյանը, հարուցվել է դեռ 2018 թվականի հուլիսի 3-ին: Գործը վերաբերում է «Գրինպրոդուկտ», «Վիլլիջ գրուպ» և «Սպայկա» ընկերությունների թաքցրած միլիարդավոր դրամների հարկերին: Երեք ընկերությունների հետ կապված տարբեր քրգործեր են հարուցվել, հետո միավորվել են նույն գործում, քանի որ փոխկապակցված են «Սպայկային»: Ընդ որում, ըստ ՊԵԿ փաստաթղթի՝ թե՛ «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանը, թե՛ «Գրինպրոդուկտի տնօրեն Կարեն Առուստամյանն ընդունել են մեղքը և «իրենց լիովին մեղավոր են ճանաչել»:
2018-ին ՀՀ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից կատարվել էր «Գրինպրոդուկտ» ընկերության հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ, որի արդյունքում պարզվել էր, որ հիշյալ ընկերությունը 2017 թվականի հաշվարկով ներկայացրել է 2 մլրդ 139 մլն 518.476 ՀՀ դրամի չափով իրացման պակաս շրջանառություն, ինչի արդյունքում պակաս է հաշվարկել և պետական բյուջե վճարել 427 մլն 903.695 ՀՀ դրամ գումար (մոտ 380 000 դոլար):
ՊՆ-ից կասկածելի գործարքով Մինասյանի ձեռք բերած «Ձորագետ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին: Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների վերոհիշյալ գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլրդ 52 մլն 65 հազար դրամ գումար:
Մարինե Խառատյան
Հ․Գ․ Իրենց նորընծա փրկչին գտնելու համար հայաստանցիները երևի պետք է դիմեն ինտերպոլին։