Պետք է պատրաստ լինենք ծանր աշխատանքի, ԱՄՆ-ը Փելոսիի այցով ցույց տվեց, թե ինչպիսի մեծ համագործակցության շրջանակ է պատկերացնում Հայաստանի հետ․ Արման Բաբաջանյան․ ուղիղ
«Նենսի Փելոսիի այցն իսկապես պատմական և չափազանց կարևոր է, բայց մենք պետք է պատրաստ լինենք շատ ծանր աշխատանքի, որովհետև այցը ոչ թե վերջն է հարաբերությունների հաստատման վերաբերյալ, այլ սկզիբն է։ ԱՄՆ-ը այս այցով ցույց տվեց, թե ինչպիսի մեծ համագործակցության շրջանակ է պատկերացնում Հայաստանի հետ, որը սկսվում է անվտանգությունից և ավարտվում տնտեսության, ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների էներգետիկայի ոլորտներում կարևոր համագործակցություն հաստատելու հանձնառությամբ»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Խոսելով այն մասին, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով ակցիաները հայաստանյան որոշ շրջանակներ և ռուսական ԶԼՄ-ները ներկայացրին որպես հակառուսականության տարածում, Արման Բաբաջանյանն ասաց, որ ինքը այդ ակցիաների նախաձեռնողներից մեկն է եղել, և իրենք պետք է շարունակեն իրենց գործողությունները՝ անկախ այդ վայնասունից, որ գալիս է մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Հայաստանում որոշ շատ հայտնի շրջանակներից։  

«Ես նույնիսկ պատկերացնում եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները, ովքեր մշտապես պատասխանատու են եղել երկու երկրների հարաբերությունների համար, պետք է պատրաստ լինեն, օրինակ, ամբողջությամբ վերանորոգել և նոր իրողություններին համապատասխանեցնել 1997 թվականի բարեկամության և փոխօգնության հարաբերությունների մեծ պայմանագիրը, փաթեթը, որը հաշվի կառնի Ռուսաստանի նոր աշխարհաքաղաքական դիրքավորումը, շահերը Հարավային Կովկասում։ Եվ մենք այդպիսով կհասկանանք, որ օրինակ՝ Ռուսաստանն այլևս պատրաստ չէ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններին, այլ պատրաստ է գործընկերության կամ պատրաստ է շարունակել ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները, բայց այլ պատկերացումներ ունի Հարավային Կովկասում և այլն»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Խոելով նաև այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը իր համակիրների հետ հանդիպմանը ասել է, որ եթե ժողովուրդը ցանկանա, ապա ինքը կբռնի առաջնորդի դրոշը, Արման Բաբաջանյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ պակաս սպառնալիք է Հայաստանի համար, որքան այն սպառնալիքը և ոտնձգությունը, որը կա ամեն օր մեր սահմանների նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան