«Համակարգը ինքնապաշտպանվելու բնազդով է օժտված․ մերժելով «Մարտի 1-ի» գործը, մերժվում է մեր այսօրը, մեր՝ վաղվա հնարավորությունը»․ իրավապաշտպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը։ Նախագահն այն ուղարկել է Սահմանադրական դատարան։  

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ ՍԴ դիմելու իրավունքը և լիազորությունը նախագահինն է, ինչից վերջինս օգտվել է՝ նշելով, որ ինքն ունեցել է համակարգային փոփոխությունների ակնկալիք, սակայն այդ ակնկալիքները կյանքի չեն կոչվել։

Իրավապաշտպանի կարծիքով` դատաիրավական համակարգում, Ոստիկանությունում, ԱԱԾ-ում համակարգային փոփոխություններ են պետք, իսկ ինչ վերաբերում է այդքան ռեսուրս ունենալուն՝ առաջին հայացքից են այդ փոփոխություններn այդքան ծավալուն և բարդ երևում։ Նախ` Վարդան Հարությունյանը համաձայն չէ, որ Հայաստանը չունի բավարար թվով իրավաբաններ, որոնք կարող են համալրել պետական համակարգը և ավելացնում է․ «Ի՞նչ է նշանակում մենք չունենք լավ իրավաբաններ, ուրեմն թող մնան հին, վատ իրավաբանները։ Միայն մեր դատապաշտպանների «բանկը», որ վերջին 10-12 տարիների ընթացքում՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին իրենց այդքան լավ են կարողացել դրսևորել՝ բավարար է»։

«Մարտի 1»-ի գործը փակուղում էր գտնվում։ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին գործը արհեստականորեն խճճել էին, ապացույցներ էին կեղծվել, թույլ էին տվել կանխամտածված կեղծիքներ, որպեսզի հետագայում դժվար լինի կամ անհնարին լինի այդ գործը բացահայտել։ ՍԴ-ի այս վերջին որոշումից հետո փակուղի մտած գործը է՛լ ավելի փակուղի մտավ։ Եվ հիմա չգիտեմ՝ ի՞նչ ջանքեր են պետք և պե՞տք են արդյոք այդ ջանքերը, որպեսզի գործը նորից վերակենդանանա», - ասաց Հարությունյանը, ապա ավելացրեց․ «Մենք իրավունք չունենք, այնպիսի կարևոր գործ, ինչպիսին «Մարտի 1-ի» գործն է, մոռացության մատնել։ Մոռացության մատնել դա՝ նշանակում է հնարավորություն ընձեռել բոլոր իշխանություններին՝ գործող և ապագա, մարդկանց վրա կրակելով, ընտրակեղծիքներով իշխանությունը բռնազավթել»։

Ըստ Հարությունյանի, ստացվեց այնպես, որ փորձ արվեց նախկին համակարգով, նախկին իրավաբաններով, նախկին նախաքննական մարմնի ներկայացուցիչներով և այլն, որոնք բոլորը, այս կամ այն կերպ, դեռ այն տարիներին առնչվել են Մարտի 1-ի դատավարության հետ՝ այդ մարդկանց ձեռքերով լուծել Մարտի 1-ի խնդիրը։

«Համակարգը ինքնապաշտպանվելու բնազդով է օժտված։ Եթե մենք խոսում ենք «Մարտի 1-ի» ամբողջական բացահայտումից, ապա յուրաքանչյուրը, ով, այս կամ այն կերպ, դրան մասնակից է եղել, իր մեղքը այդտեղ տեսնում է, գիտի, և նրանք այդ համակարգի մեջ են։ Նրանք ինքնապաշտպանվում են։ Նրանք մերժելով «Մարտի 1»-ի գործը, մերժում են մեր այսօրը, մերժում են մեր վաղվա հնարավորությունը», - ասաց Վարդան Հարությունյանը։

Թե գործի քննությունը ո՞ր ճանապարհով պետք է գնար՝ որոշում է նախաքննական մարմինը։ Սակայն Հարությունյանը կարծում է, որ ավելի ճիշտ կլիներ ներքևից վերև բարձրանալ՝ սկսելով նույնիսկ ոչ թե սպանություններից, այլ հավաքը ցրելուց, մարդկանց բանտարկելուց, բռնություն կիրառելուց, կեղծ մեղադրանքներից և բարձրանալ մինչև հրաման տվողներ։

«Երբ մենք կալանավայր ենք ուղարկում Հայաստանի Հանրապետության նախկին նախագահին, ուզենք թե չուզենք, գործին տալիս ենք քաղաքական երանգ, և այդ քաղաքական երանգը գործին շատ է խանգարում», - ասաց իրավապաշտպանը։

«Մարտի 1-ի» գործի հանգուցալուծման երկու ճանապարհ կա, ըստ իրավապաշտպանի։ Մեկը՝ բացահայտել գործն ամբողջությամբ և ամենախիստ պատիժները նշանակել բոլոր մեղավորների նկատմամբ, իսկ մյուսը՝ բացահայտել գործն ամբողջությամբ և այն համարել սահման։ Սահման, որից այն կողմ չեն կարող լինել «մարտի 1-եր»՝ խնդիր չդնելով բոլորին պատժել ու ուղարկել բանտեր։

«Իսկ ի՞նչ է «Մարտի 1-ը»։ Մարտի 1-ը հետընտրական զարգացում է։ Մենք ունեցել ենք ընտրական փուլ, որը կեղծվել է, և այդ կեղծիքները հանգեցրել են ցույցերի, բողոքների և իշխանությունը՝ իր իշխանությունը պահելու համար գնացել է սպանությունների և բռնությունների։ Եվ որպեսզի «Մարտի 1-ը» սահմանենք սահման և այլևս չկրկնենք դա, պետք է պայմանավորվենք, որ այս սահմանից այն կողմ այլևս կեղծված ընտրություններ չենք ունենալու», - ասաց իրավապաշտպանը։

Անդրադառնալով մարտի 1-ին տուժած 187 ոստիկաններին, Վարդան Հարությունյանը նշեց, որ պետք է ճիշտ շեշտադրումներ անել, թե ինչի՞ց են տուժել այդ ոստիկանները։ «Այդ ոստիկանները տուժել են իրենց իսկ զենքից։ Չկա որևէ դրվագ, որ ապացուցի, որ ինչ-որ ցուցարարի նետած քարից ինչ-որ ոստիկան է տուժել», - ասաց Հարությունյանը։

Անդրադառնալով Ազատության հրապարակի վրաններից հայտնաբերված սառը զենքերին և մարտական նռնակներին, Վարդան Հարությունյանն այն որակեց որպես «կինո» և նշեց, որ դրանք այնտեղ հայտնվել էին հենց ոստիկանների ձեռքով, այնպես, ինչպես կեղծվել էին բոլոր արձանագրությունները։

«Մարտի 1-ից հետո հարյուրավոր մարդիկ են դատապարտվել և նրանցից որևէ մեկը չի մեղադրվել զենք կրելու, զենք կիրառելու, զենք օգտագործելու, քարեր նետելու մեղադրանքներով։ Եղել են առանձին խմբեր, որոնց մենք չենք ներառել քաղբանտարկյալների մեջ։ Դրանք այն խմբերն են, որոնք խանութներ են թալանել և այդ մարդկանցից որևէ մեկին մենք պայմանականորեն չենք անվանում ցուցարար։ Նրանք հրոսակախմբեր էին, որոնք պատրաստվել էին, կազմակերպվել էին այդ գործողություններն իրականացնելու համար», - ասաց Վարդան Հարությունյանը և հավելեց․ «Եթե լիներ գեթ մեկ օրինակ, որ ցուցարաներից ինչ-որ մեկը զենք կամ փայտ կամ քար նետած լիներ, ապա նրանք այնքան էին տարփողելու այդ օրինակը, որ այսօր բոլորս հիշելու էինք։ Չկա նման օրինակ»։

Մանրամասն՝ տեսանյութում:

 Վովա Հակոբյան