«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը-Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական զարգացումները։ Տեսակետ կա, որ եթե ԱՄՆ-ու Եվրոպան չմիջամտեն, Ռուսաստանի օգնությամբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորից իշխանության է գալու։ Կա՞ այդպիսի հավանականություն, թե՞ ոչ։-Ավելի շատ հետաքրքրում է նախընտրական զարգացումների արժեքային կողմը, որը սոսկալիորեն ցածր է՝ պետություն ունեցող ազգին անհարիր: Համատարած ատելություն ու փոխբացասում է քաղաքական հանրույթում, որն անպայման կգտնի իր արտապատճենումը հասարակության մեջ: Սրանի՛ց է պետք զգուշանալ. չէ՞ որ ռուս-թուրքական տանդեմի նպատակն էլ հենց դա է, որ Հայաստանում լինի անորոշ, ատելությամբ լեցուն, անիշխանական վիճակ, որպեսզի կարողանան պայմանագրի տեսք տալ նոյեմբերյան եռակողմ ապօրինի հայտարարությանն ու Մեղրիի միջանցքի գաղափարին: Ի դեպ, միայն քաոսային մթնոլորտի դեպքում է, որ ռուսներին կհաջողվի իշխանության բերել երկրորդ նախագահին, այլապես միայն պարոն Փաշինյանի ջանքերը չեն բավարարի իշխանությունը պարոն Քոչարյանի հետ կիսելու համար, այսինքն՝ հեղափոխական, չեկիստական սև-սպիտակի տրամաբանությունը պահելու համար: Կարծում եմ, թե ԱՄՆ-ն կփորձի խոչընդոտել ռուսական ծրագրին՝ Հայաստանի սուբյեկտայնությունը վերացնելուն: ԱՄՆ-ն Հայաստանում արդեն դաշնակիցներ ունի, փառք Աստծո:
–Պարոն Հայրապետյան, նախօրեին 7 քաղաքական ուժերով հայտարարություն եք տարածել, որտեղ նշել եք, որ ՀՀ վարչապետի սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը լիովին ձախողված է: Ընտրությունների նախաշեմին Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելը արդյո՞ք ճիշտ տարբերակ է։ Վարչապետը սահմանադրական բարեփոխումների համար ժամկետ նշել է հոկտեմբերին։-Ոչ միայն ճիշտ, այլև մեր երկիրը վերահաս ցնցումներից հեռու պահելու ամենաարդյունավետ տարբերակն է: Իսկ վարչապետը, որը սահմանադրական բարեփոխումների համար նշել է հոկտեմբեր ամիսը, այսինքն՝ ԱԺ հունիսյան ընտրություններից հետո, որքանո՞վ կարող է երաշխավորել, որ ինքն է լինելու վարչապետն ու իրականացնելու է բարեփոխումները, ավելին՝ արդյո՞ք մենք այդ ժամանակ վարչապետ ունենալու ենք ընդհանրապես, ինչպես ինքն էր ասում նախավարչապետական հանրահավաքում՝ «Կա՛մ ժողովրդի ընրյալը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»: Այդպես Սերժ Սարգսյանը բարի ու լավ բաների համար ժամկետ նշեց 2040 թվականը, Նիկոլ Փաշինյանը՝ 2050 թվականը: Մի՞թե չենք տեսնում, որ դա ամենապարզունակ մանիպուլյացիա է: Բացենք ու նորից կարդանք, թե ինչ էր խոստացվել 2050 թվականի համար. ու այժմ լաց լինելու աստիճան հասկանալի է, որ դրանցից որևէ մեկն արդեն կատարվել չի կարող: Այսինքն՝ վստահել վարչապետի ասած ժամկետի խոստմանը՝ միամտություն կլիներ, եթե ոչ սակավամտություն: Եվ ամենից կարևորը. նույնիսկ Հիսուս Քրիստոսը ժամկետ չէր նշում, այլ միայն իմքայլական մի պատգամավոր, որն ամաչում էր, որ իր փոքրիկ թոռնիկը «Տերունական աղոթքը» գիտի, բայց այսօր չի ամաչում ասել, որ Քելբաջարը հայկական չէ: Արժեքների այլասերմանն ու քաոսին արդեն իսկ հասել է ռուս-թուրքական տանդեմը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
սկզբնաղբյուր կայքում։