Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ վերջին մարզումներն է անցկացնում Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ. այս մասին հայտնում է ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան:
Կարևորագույն ստուգատեսին նախապատրաստվելու փուլում սա արդեն ընտրանու 3-րդ հավաքն է: Եվրոպայի կանանց առաջնությանը Հայաստանը կներկայանա 7 բռնցքամարտիկով։ 48 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Գայանե Տեր-Բարսեղյանը, 50 կգ` երիտասարդների աշխարհի և մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը: 54 կգ քաշային կարգում Եկատերինա Սիչևան է, 57 կգ՝ Տաթևիկ Խաչատրյանը:
60 կգ քաշային կարգում հանդես կգա մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը, 63 կգ քաշային կարգում Սոնա Հարությունյանն է, 70 կգ՝ Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր Անի Հովսեփյանը։