«Գյուղատնտեսության աջակցության երկրորդ միջոցառումը ողջ ծավալով շարունակվելու է»․ Մհեր Գրիգորյան
ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանը փախվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց, արդյո՞ք քննարկվում է գյուղատնտեսական աջակցման երկրորդ ծրագիրը կովիդից հետո շարունակելու տարբերակը։ Պատգամավորը կարևորեց ծրագրի շարունակականությունը՝ նշելով, որ 2020 թվականին՝ կովիդի պայմաններում, 2019-ի համեմատությամբ, օրինակ բուսական ծագման արտադրանքի արտահանումը աճել է 27,3 տոկոս, կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի արտահանումը աճել է 52,7 տոկոսով, և ընդհանրապես 2020 թվականին, չնայած կովիդին, գյուղատնտեսությունը այն ոլորտն է, որտեղ աճ ենք ունեցել՝ 1,4 տոկոս այն դեպքում, երբ վերջին 4 տարիներին այդ ոլորտում աճ չենք ունեցել։
Մհեր Գրիգորյանը նշեց, որ որոշումն արդեն կայացված է՝ գյուղատնտեսության աջակցության երկրորդ միջոցառումը ողջ ծավալով շարունակվելու է։ «Մենք նույնիսկ պատրաստ ենք այն բանկերին, որոնք այդ ծրագրով մանր վարկավորման մեջ ակտիվ են, փոխառու միջոցներ տրամադրել», - ասաց փոխվարչապետը։
Արձագանքելով Հայկ Գևորգյանը մատնանշեց նաև խոշոր տնտեսվարողներին աջակցելու անհրաժեշտությունը, քանի որ տնտեսական էֆֆեկտները ակնառու են՝ տասնյակ հեկտարներով նոր արդյունաբերական ձեռնարկություններ են ստեղծվել և հարյուրավոր հեկտարներով ինտենսիվ այգիներ։
Փոխվարչապետ Գրիգորյանն ասաց, որ միանշանակ անելու են այդ ծրագիրը, չնայած, որ խոսքը այս դեպքում սոցիալական հետևանքների մասին չէ, բայց եթե տնտեսական հետևանք կա, ապա միանշանակ պետք է անել։