Նախատեսվում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգում նաև 2026 թ. հետո․ Սուրեն Պապիկյան
Ազգային ժողովում անդրադառնալով համայնքների միավորման գործընթացներին եւ ներկայացնելով իրականացված սուբվենցիոն ծրագրերը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ասաց․ «Ես չեմ կարող, այս հարթակն օգտագործելով, չնշել միավորված համայնքերի արդյունավետության մասին: Դրա մասին կարող եք տեղեկանալ յուրաքանչյուրդ, ովքեր լինում են Հայաստանի տարբեր մարզերի համայնքներում: Այդ համայնքները ձեռք են բերում կարողություններ, որոնք չունեն հարակից՝ չմիավորված համայնքները»:
Պապիկյանի խոսքով՝ միավորման արդյունքում ավելանում է համայնքների տնտեսական պոտենցիալը, համայնքային բյուջեն, և այդ կարողությունները ծառայում են ի նպաստ համայնքի զարգացման։
Խոսելով ՀԱԷԿ-ի մասին՝ Պապիկյանն ասաց, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանում շինարարությունն ու վերազինումը շարունակվելու են:
«2020 թ. վերջնականացվել, և 2021 թ. հաստատվել է «Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը» մինչև 2040 թ.: Այս ծրագրով նախատեսվում է նաև 2026 թ. հետո ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգում: ՀԱԷԿ-ում շինարարությունը շարունակվելու է, վերազինումը շարունակվելու է»,- ասաց Պապիկյանը: