Առաջիկայում նոր հայկական ավիաընկերություն կունենանք․ Սուրեն Պապիկյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց  «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված գործընթացից՝ մասնավորապես, հարուցված քրեական գործից։ 

Պապիկյանը նշեց, որ այդ գործընթացների հետ ՏԿԵ նախարարությունը որևէ առնչություն չունի և խոսեց համագործակցության մասին։

 «ՏԿԵ-ն կարողացել է հասնել նրան, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ ունենք ընդհանուր համաձայնություն՝ առաջիկա 4 տարիներին ներդրումներն 39 միլիարդով ավելացնելու մասին։ Այդ շրջանակներում «Հարավկովկասյան երկաթուղին» պատրաստվում է գնել 4 շարժակազմ, որի արդյունքում արդիական կլինեն մեր բոլոր շարժակազմերը, ինչպես նաև կլինեն 27 նոր վագոններ։ Մայիսի դրությամբ այդ տեխնիկան կլինի Հայաստանում։ Ես նաև գործող բոլոր կայարանները վերանորոգելու առաջարկ եմ արել։ Թեպետ «Հարավկովկասյան երկաթուղին» ֆինանսական խնդիրներ ունի, բայց պատրաստակամություն է հայտնել մինչև տարեվերջ իրականացնել այդ գործընթացը»,- ասաց նախարարը։

Խոսելով ազգային ավիափոխադրող ունենալու տեսլականից՝ Պապիկյանն ասաց․ «Կան քայլեր՝ հայկական ավիաընկերության ստեղծման ուղղությամբ․ առաջիկայում  նոր ավիաընկերություն կունենանք։ Ընկերությունը նախատեսում է մոտավորապես մայիսի վերջ հունիսի սկիզբ տալ աշխատանքի մեկնարկը»։