ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի պատրաստվում ընդունել 2020թ. սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի գաղտնի արձանագրությանը ծանոթանալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Այս մասին ԱԺ-ում Մարուքյանն ասաց լրագրողների հետ հետ զրույցում:
«Ես չեմ պատրաստվում գնալ, ծանոթանալ գաղտնի նյութերին, որովհետև դրա իրավունքը ես ունեի մինչ այդ էլ: Ես չեմ պատրաստվում դա անել, որովհետև դրանից հետո ես չեմ կարող հանրությանը տեղեկություն փոխանցել», - ասաց նա։
Չնայած Էդմոն Մարուքյանը ինքն էր ապացույցներ պահանջել վարչապետից՝ հիմա հայտարարում է, որ վարչապետն ինքն է գաղտնի տեղեկատվություն հրապարակել, այսինքն՝ ԱԽ նիստի արձանագրությունից հղում արել, հետևաբար վարչապետն էլ պետք է հրապարակայնորեն ապացուցի, որ ինքն է ճիշտ ասում, ոչ թե գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը ԱԽ նիստում պատերազմը դադարեցնելու առաջարկ չի արել եւ Մարուքյանին առաջարկել՝ ծանոթանալ նիստի գաղտնի արձանագրությանը։